ՀՀ էկոնոմիկաի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 22-ին մասնակցել է Երևանի Արաբկիր վարչական շրջանում Անի բնակելի թաղամասի պաշտոնական բացման արարողությունը։
«Մենք օրըստորե լավացնում ենք կառուցապատման ինդուստրիան Հայաստանում։ Վերացնում ենք բոլոր բյուրոկրատական արգելքները, որոնք կան ոլորտի առջև», - ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն իր ողջույնի խոսքում։ Նա նաև նշել է, որ պետական սեկտորի և կառուցապատողների միջև կա համախոհություն՝ համատեղ ջանքերով վերացնել ոլորտի խնդիրները։
Երեք տարվա շինարարական աշխատանքների արդյունքում Երևանի Արաբկիր վարչական շրջանում կյանքի է կոչվել համայնքը գեղեցկացնող և քաղաքաշինության ոլորտին նոր շունչ հաղորդող կառուցապատման ծրագիրը՝ բազմաբնակարան բնակելի շենքերից բաղկացած Անի բնակելի թաղամասը:
Թաղամասի կառուցապատող Արտքոմփանի ընկերությունը 1,5 հա մակերեսով հողամասի վրա կառուցել է 12 հարկանի 5 բազմաբնակարան բնակելի շենք, ընդհանուր՝ 385 բնակարաններով, ստորգետնյա ավտոկայանատեղիով, ընդհանուր օգտագործման հարմարավետ տարածքներով։ Թաղամասն ունի նաև կանաչապատ գոտի և խաղահրապարակներ։