Ապրիլի 29-ին, կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի նպատակը ՀՀ-ում ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի ներդրման համար անհրաժեշտ հարկային միջավայրի ձևավորումն է: Հիմնավորման համաձայն, ներկայումս Trade-in համակարգի շրջանակում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ավտոմեքենաներ ձեռք բերելու և հետագայում այլ անձանց վաճառելու դեպքում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչները զրկվում են ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու հնարավորությունից, իսկ այդ գործարքից ԱԱՀ-ով հարկման բազան հաշվարկվում է ավտոմեքենայի վաճառքի ամբողջ արժեքից: Մյուս կողմից, նշյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ առաջանում է ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից, որպես հարկային գործակալ, եկամտային հարկ հաշվարկելու և պետբյուջե վճարելու պարտավորություն, որն ուղղակիորեն ազդում է հետագայում այդ ավտոմեքենայի վաճառքի գնի վրա՝ խոչընդոտելով համակարգի զարգացմանը: Ըստ այդմ, նախատեսվում է սահմանել Trade-in համակարգի շրջանակում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից ավտոտրանսպորտային միջոցի ձեռք բերման և վաճառքի ժամանակ ձևավորվող՝ եկամտային հարկով և ԱԱՀ-ով հարկման բազաների հաշվարկման առանձնահատկությունները: Մասնավորապես, ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչ համարվող և համապատասխան լիցենզիա ստացած ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից ձեռք բերված ավտոտրանսպորտային միջոցի հետագա օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում տվյալ ավտոտրանսպորտային միջոցի հետագա օտարման ժամանակ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի և նույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն կազմվող փաստաթղթով հիմնավորված՝ ավտոտրանսպորտային միջոցի ձեռք բերման գնի դրական տարբերությունը: Սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օտարումից ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչ համարվող և համապատասխան լիցենզիա ստացած՝ ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունից կամ անհատ ձեռնարկատիրոջից ստացվող եկամուտները եկամտային հարկով հարկման նպատակով համարվում են նվազեցվող եկամուտներ: Trade in համակարգով ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող՝ ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն՝ կանխելու համար վերոնշյալ հարկային արտոնյալ կարգավորումներից անհարկի օգտվելու հնարավորությունները: Արդյունքում ակնկալվում է վերացնել Trade-in համակարգի զարգացմանը խոչընդոտող հարկային կարգավորումները:
Գործադիրը հավանություն է տվել նաև «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել արդյունաբերական և գյուղատնտեսական նպատակներով կանեփի արտադրության գործունեության իրականացման հնարավորությունը ՀՀ-ում, լիցենզավորման առանձնահատկությունները, քվոտավորման պահանջը և պետական վերահսկողության իրավական կարգավորումը: Օրինագծերով առաջարկվում է օրենքով թույլատրել արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեությունը, սահմանել լիցենզավորման առանձնահատկությունները և պարտադիր պահանջները: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ-ում թույլատրվում է արտադրական կանեփի արտադրությունը, արտահանումը, ներմուծումը կամ մեծածախ առևտուրը՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում։ Նախագծով հստակեցվել է, թե ինչ է իր մեջ ներառում արտադրական կանեփի արտադրությունը: Նախատեսվել են լիցենզավորման առանձնահատկությունները՝ հստակ կանոնակարգելով այն պարտադիր չափանիշները, որոնք անձը պետք է բավարարի լիցենզիա ստանալու համար, ինչպես նաև սահմանելով որոշ այլ չափանիշներ կառավարության կողմից լիցենզավորման կարգով նախատեսվելու դեպքում: Հստակ սահմանվել է լիցենզավորման ենթակա գործունեության քվոտավորման պահանջ: Նախագծով սահմանվել է լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության իրականցման իրավական կարգավորումները:
Գործադիրը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում առանց կարկտապաշտպան ցանցի այգեհիմնում կատարելու համար վարկավորված շահառուներին կարկտապաշտպան ցանցի անցկացման հնարավորություն ընձեռնելու նպատակով: Հիմնավորման համաձայն, միայն 2020 թ. ծրագրի շրջանակում տրամադրվել է 46 միավոր վարկ՝ շուրջ 5․4 մլրդ դրամ գումարով՝ 494․ 4 հա այգու հիմնման համար։ Սուբսիդավորման գումարը կազմել է 187․3 մլն դրամ: Փոխհատուցման բաղադրիչով տրամադրվել է թվով 7 փոխհատուցում՝ 104․7 մլն դրամի չափով՝ 24․2 հա այգու հիմնման համար։ Ծրագրի իրականացման գործընթացում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ՝ պայմանավորված այգեհիմնման համար պահանջվող գումարի մեծության, կարկտապաշտպան ցանցով այգեհիմնում կատարելու դեպքում պահանջվող գրավի չափի և շահառուների մոտ դրա ապահովման միջոցների բացակայության հետ։ Մասնավորապես՝ գրավի միջոցի բացակայությամբ պայմանավորված տնտեսավարողները վարկերը ձեռք են բերում առանց կարկտապաշտպան ցանցի ներդրման բաղադրիչի։ Տվյալ դեպքում տնտեսավարողի համար այգեհիմնման գործընթացը մնում է անավարտ, քանի որ բնակլիմայական աղետներից այգին պաշտպանելու նպատակով հնարավորություն չի ունենում ներդնել կարկտապաշտպան ցանց։ Ըստ այդմ, առաջարկվում է կարկտապաշտպան ցանցի այգեհիմնում կատարելու համար վարկավորված շահառուներին հնարավորություն ընձեռել՝ շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագիրը ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում դիմել ֆինանսական կառույցին և նույն ծրագրի շրջանակում վարկավորվել՝ կարկտապաշտպան ցանցի անցկացման համար։ Տվյալ դեպքում կարկտապաշտպան ցանցի անցկացման համար լրացուցիչ վարկավորումը ֆինանսական կառույցի կողմից իրականացվում է շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագրի, ծրագրով սահմանված սահմանաչափերի շրջանակում՝ վարկի գումարի վերահաշվարկ կատարելու միջոցով։ Նշված կարգավորումը հնարավորություն կտա այգեհիմնում կատարող շահառուների համար մեղմել գրավի պահանջի խնդիրը: Մասնավորապես, այն շահառուները որոնք ցանկանում են այգեհիմնում կատարել կարկտապաշտպան ցանցով, ինչը նախատեսված է ծրագրով, սակայն համապատասխան գրավի անբավարար լինելու պատճառով վարկ են վերցրել առանց կարկտապաշտպան ցանցի այգեհիմնում կատարելու համար, այգեհիմնումից հետո հնարավորություն կունենան մեկ տարվա ընթացքում, նույն ծրագրի շրջանակում հիմնված այգին գրավադրել և լրացուցիչ վարկավորվել կարկտապաշտպան ցանց անցկացնելու համար։
Կառավարության մեկ այլ որոշմամբ «Էրեբունի քընեքթ» ՓԲԸ-ն կներառվի «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար: 2021-2025 թթ.-ին ընկերության կողմից իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 118,820,000 դրամ: Ծրագրի ընթացքում կստեղծվի 9 նոր աշխատատեղ` շուրջ 250,000 դրամ միջին ամսական աշխատավարձով:
Կառավարության նիստում ընդունվել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված հետևյալ նախագծերը․