Մարտի 26-ին Երևանում կայացել է «ՓՄՁ-ներին աջակցություն և հայկական տեքստիլ արդյունաբերության համար կայուն էկո-համակարգի ստեղծում» ծրագրի արդյունքների ամփոփումը և պաշտոնական փակման արարողությունը։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Վիկտոր Քլարկը։ Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ոլորտի մասնագետներ, հայ դիզայներներ ու տեքստիլ արտադրողներ, ոլորտի տեղական ու միջազգային գործընկերներ:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մասնավորապես, նշել է․ «Հայաստանը պետք է դառնա լավ տեղ կրեատիվ մարդկանց համար և այն տաղանդն ու ստեղծագործական ներուժը, որ կա հայ ժողովրդի մեջ, այդ թվում՝ նաև նորաձևության ոլորտում, պետք է կարողանանք հնարավորինս բացահայտել ու զարգացնել»։ Նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում նորաձևության ոլորտի զարգացմանն ու ներկայացմանը համաշխարհային հարթակներում։
Երկամյա ծրագրի նպատակն էր բարելավել նորաձևության և տեքստիլ ոլորտի տեխնիկական և գործարար հմտությունները, ընդլայնել ոլորտի ներկայացվածությունը տեղական և միջազգային շուկաներում, ստեղծել նոր աշխատատեղեր և վերամշակման մոդելի վրա հիմնված կայուն մատակարարման արդյունաբերական ցանց:
Ծրագիրն իրականացվել է «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի կողմից, ֆինանսավորվել՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի (GGF) կողմից՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ։ Ծրագրի հիմնական միջազգային գործընկերներն են Eco-Age և Fashion Scout բրիտանական կազմակերպությունները:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են ծրագրի հետևյալ հիմնական ձեռքբերումները.
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել նորաձևության ցուցադրություն՝ #MadeinArmenia՝ հայ դիզայներների և տեքստիլ ապրանքանիշերի համատեղ ներկայացմամբ: