ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Վահան Քերոբյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին:
Զրուցակիցները քննարկել են «Հարավկովկասյան երկաթուղու» խնդիրները, առաջիկա ծրագրերը և համագործակցության հեռանկարները։
Ալեքսեյ Մելնիկովը տեղեկացրել է Վահան Քերոբյանին, որ առաջիկայում ընկերությունը կհամալրվի նոր շարժակազմով՝ հարմարավետ, ժամանակակից պահանջներին համապատասխանող ուղևորատար վագոններերով, նաև էլեկտրագնացքներով։ Նոր ուղևորատար վագոնները բերվելու են ընթացիկ տարվա մայիս-հունիսին, իսկ նոր էլեկտրագնացքները՝ մինչև օգոստոսի 1-ը:
Ալեքսեյ Մելնիկովը էկոնոմիկայի նախարարին է ներկայացրել ընկերության որոշ խնդիրները, նշել է մաքսային հսկողության շուրջօրյա աշխատանքի անհրաժեշտությունը՝ առանց հանգստյան օրերի, մաքսակետում ֆիտոսանիտարական ստուգումների բացակայությունը, որը կարելի է կազմակերպել Այրումում, նաև հիշատակել պետության կողմից ուղևորափոխադրումների սուբսիդավորման հարցը։ «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենը կարևորել է նաև տրանսպորտային-փոխանցումային հանգույցների ստեղծումը, երկաթգծի հարակից տարածքում և երկաթգծի երկայնքով բարեկարգ միջավայրի ապահովումը և այլն։
Վահան Քերոբյանը հյուրին համառոտ ներկայացրել է Գյումրիում «Չոր նավահանգիստ» և Արարատում Արդյունաբերական պարկ կառուցելու հավակնոտ նախագիծը․ լավ մասնագետների ներգրավմամբ նախատեսվում է ստեղծել միջավայր, որտեղ ընկերությունների համար հարմարավետ կլինի աշխատել, իսկ արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ կամ երրորդ երկրներ։ Նախարարը շեշտել է, որ երկաթուղային կապը նշված նախագծի իրագործման պարտադիր մաս է կազմում։ Ալեքսեյ Մելնիկովը գաղափարը հետաքրքիր է համարել՝ նշելով, որ Գյումրիի կայարանն ունի մեծ թողունակության հնարավորություններ, ինչը կարելի է օգտագործել նախագծի իրագործման ժամանակ։ Նախարարը նաև առաջարկել է դիտարկել հայ գործարարների կողմից ներկայացված պահանջարկը՝ կազմակերպել երկաթուղով կցորդներով փոխադրումներ՝ բեռնատարներ, ավտոբուսներ տեղափոխելու համար։ Ի պատասխան Ալեքսեյ Մելնիկովը պատրաստակամություն է հայտնել վերջիններիս հետ առանձին-առանձին քննարկել տրանսպորտային լոգիստիկ սխեմաները։
Վահան Քերոբյանը խոսել է նաև գերարագընթաց գնացքներ ունենալու հնարավոր հեռանկարի մասին՝ շեշտելով, որ դրանց առկայությունը կտրուկ կավելացնի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան։ Ալեքսեյ Մելնիկովը նշել է, որ խնդիրը դժվար լուծելի է լեռնային բարդ ռելիեֆի պատճառով, այն նաև շատ ծախսատար է, սակայն ոչ անհնար։
Հանդիպման ավարտին զրուցակիցները պայմանավորվել են, որ ընկերության խնդիրները գրավոր կներկայացվեն նախարարությանը, որտեղ դրանք կուսումնասիրվեն, այնուհետև կառաջարկվեն համապատասխան լուծումներ։