Մարտի 4-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը։ Ի թիվս այլ որոշումների՝ Կառավարությունը որոշում է ընդունել կորոնավիրուսի դեմ պայքարի երրորդ ծրագրում փոփոխություններ կատարելու մասին:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ այդ ծրագրով շուրջ 800 տնտեսավարողների վարկավորել են շուրջ 9 մլրդ դրամի չափով: «Այժմ անհրաժեշտություն է առաջացել մի փոքր ճկունություն մտցնել վարկային պայմանների մեջ, որովհետև տնտեսավարողների մեծ մասը չէր օգտվել արտոնյալ ժամկետից, բայց հիմա տնտեսական ճգնաժամի երկարացմանը զուգընթաց այդ կարիքն առաջացել է: Սա էականորեն թեթեւացնում է վարկի պայմանները»,- ասել է նախարարը:
Գործադիրը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ առանձին տնտեսավարողների մոտ առաջացած ֆինանսական խնդիրների մեղմման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ըստ այդմ՝ նախատեսվում է պատերազմի հետևանքով առաջացած ֆինանսական դժվարությունների առջև կանգնած տնտեսավարողների համար իրենց դիմումի հիման վրա Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառման շրջանակում տրամադրված վարկերի մարման արտոնյալ 6 ամսյա ժամանակահատվածի սահմանում։ Որոշման ընդունումը հնարավորություն կտա միջոցառման շահառուների համար ժամանակ շահել՝ ներկայիս փոփոխվող պայմաններին արձագանքելու նպատակով, և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու, ինչպես նաև զարգացման ռազմավարությունները ճշտգրտելու որոշումների կայացման համար։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ՝ չափանիշները բավարարող շահառուներին աջակցությունից օգտվելու համար դիմումների ներկայացման և փոխհատուցման ժամկետները փոփոխելու, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտը սպասարկող, տրանսպորտային ընկերությունների տնտեսական գործունեության հայտարարագրած դասակարգիչների ցանկում լրացում կատարելու նպատակով: Ըստ այդմ՝ կփոփոխվի միջոցառման դիմումների ներկայացման ժամկետը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 16-ը, իսկ միջոցառման պոտենցիալ շահառուներին կընձեռվի մինչև 2021 թ. մարտի 14-ը դիմում ներկայացնելու հնարավորություն: Բացի այդ, միջոցառման չափանիշները բավարարող զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների ցանկը կհամալրվի մարդատար ավտոմոբիլների և թեթևաքաշ փոխադրամիջոցների վարձույթի և լիզինգի դասիչի ներքո աշխատող ընկերություններով:
Կառավարությունը բավարարել է «ԱԱ տրանզիտ» ՍՊԸ-ի հայտը՝ ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: 2018 թվականին հիմնադրված ընկերությունը զբաղվում է կարագի և բուսական մարգարինի արտադրությամբ՝ Գյումրիում: Ամսական նախատեսվում է ներմուծել մինչև 650 տոննա կաթնային սերուցք Իրանական մի քանի ընկերություններից: Արտադրանքի հիմնական մասը՝ ամսական 300-450 տոննան, նախատեսվում է արտահանել ՌԴ: ՀՀ տարածքի վաճառքի կանխատեսումը և կնքված նախնական պայմանագրերը կազմում են մոտավորապես 200 տոննա: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 299 մլն դրամի կապիտալ և 41․6 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար: Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 6․3 մլրդ դրամ, որից 3․5 մլրդ դրամի արտադրանքը նախատեսվում է արտահանել ՌԴ։ Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 45 նոր աշխատատեղ` 290 հազար դրամ միջին աշխատավարձով:
«ԷյԲիՍի տեքստիլ» ՍՊԸ-ի ընկերությունը ևս կօգտվի ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: 2017 թվականին հիմնադրված ընկերությունը զբաղվում է սրբիչների արտադրությամբ: Ընկերությունն առաջարկում է սրբիչների մեծ ընտրանի ամենաճանաչված ապրանքանիշերից, որոնք սպասարկում են տարբեր ոլորտներ, ներառյալ՝ տնային, բժշկական, հյուրանոցային և մանրածախ ոլորտները: Ընկերության գործընկերները գրավում են լայն աշխարհագրական դիրք ՌԴ-ում, ԱՄԷ-ում, Քուվեյթում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում և Օմանում, վերջինիս բիզնես գործընկերները բազմամյա կապ են հաստատել իրենց հաճախորդների հետ՝ ներշնչելով ապրանքների դիզայն և կայուն աճ: Ընկերությունը համապատասխան արտոնագրի ներքո արտադրում և ներկայացնում է այնպիսի միջազգային ապրանքանիշեր, ինչպիսիք են Cannon-ը, Fieldcrest-ը, Disney-ը, Waverly-ն և Charisma-ն: Ընկերության ապրանքանիշերն են՝ Valentini-ն, Royale-ը, Dream-ը, Savoy-ը և Classic-ը: Ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 4 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար: Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 4․3 մլրդ դրամ, որից 730 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2․3 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում, 1․1 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում: Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 76 նոր աշխատատեղ` 160-200 հազար դրամ միջին աշխատավարձով:
Մեկ այլ որոշմամբ թույլատրվել է «Մուրադ-սար» ՍՊԸ-ին գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է պոլիվինիլքլորիդե պրոֆիլների արտադրության համար (դռների և պատուհանների արտադրություն): Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել շուրջ 6 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի և նյութերի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 41 աշխատատեղ: Նախատեսվում է ստեղծել 5-10 նոր աշխատատեղ` 350,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 6․5 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 6․1 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 378 մլն դրամ:
Գործադիրը հաստատել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված հետևյալ նախագծերը`