Փետրվարի 10-ին առցանց հարթակում կայացել է «Հայաստանում արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրում» նախագծի մեկնարկային աշխատաժողովը, որին մասնակցեցել են բնական կերհանդակների ոլորտին առնչվող նախարարությունների, տարածքային կառավարման մարմինների, ինչպես նաև գիտական կառույցների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նախագիծն իրագործվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող ECOserve բնապահպանական ծրագրի շրջանակներում: Աշխատանքներն իրականացվում են Գերմանական օդատիեզերական կենտրոնի և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի (ԱՀԿՄԿ) կողմից, պիլոտային մասը՝ Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից, ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ:
Միջոցառման սկզբում մասնակիցներին ողջունել և բեղմնավոր աշխատանք են մաղթել ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, Ecoserve ծրագրի ղեկավար Թոբիաս Վիթմանը և ԱՀԿՄԿ (ICARE) հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը: Քննարկմանը միացել է նաև ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ով կարևորել է ներկայացված նախաձեռնությունները և պատրաստակամություն հայտնել աջակցել ներկայացված ծրագրերին:
Խոսնակները նշել են «Հայաստանում արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրում» նախագծի կարևորությունը և հույս հայտնել, որ ծրագիրը կնպաստի արոտների էլ ավելի լավ ու կայուն կառավարմանը:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են՝ Հայաստանի արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրման գործընթացը, Հայաստանում արոտավայրերի և խոտհարքների տարածվածության, վիճակի, կենսազանգվածի և բեռնավորման քարտեզագրման նախագիծը, GrassAM նախագծի նախնական արդյունքները, Լոռու և Շիրակի մարզերում արոտների և խոտհարքների քարտեզների փորձարկման պիլոտային ծրագիրն ու ակնկալվող արդյունքները: