Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը, Իրան կատարած այցի շրջանակում, հունվարի 25-ին հանդիպումներ է ունեցել ԻԻՀ նախագահի՝ գիտատեխնոլոգիական հարցերով տեղակալ Սորենա Սաթթարիի, ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիի, ֆինանսների և տնտեսական հարցերի նախարար Ֆարհադ Դեժփասանդի, ինչպես նաև Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեիի հետ:
Նախարար Քերոբյանի և իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների ընթացքում քննարկվել են տարբեր, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների և գիտության, ֆինանսատնտեսական, առևտրային, ներդրումների, տրանսպորտային, էներգետիկ ոլորտներում Հայաստան-Իրան համագործակցության հնարավորությունները և առաջիկա համատեղ ծրագրերը:
Ստորագրվել է հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը և համատեղ ներդրումային ծրագրերի խրախուսմանը միտված համագործակցության հուշագիր:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ընթացիկ տարում մի շարք փոխայցելություններ կազմակերպելու վերաբերյալ:
Հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև «Շասթա» հոլդինգի և «Մափնա» ընկերության տնօրինության հետ: