Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը այցի առաջին օրը, hունվարի 22-ին, մասնակցել է ՀՀ դեսպանության և Իրան-Հայաստան առևտրի պալատի կողմից կազմակերպված գործարար համաժողովին:
Նախարար Քերոբյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը:
Մտքերի փոխանակման և քննարկումների ընթացքում արծարծվել են հայ և իրանցի գործարարների միջև առևտրային կապերի ամրապնդմանը, նրանց կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող բազմաթիվ հարցեր:
«Շատ ջերմ ընդունելության եմ արժանացել։ Իմ հիմնական նպատակն է ակտիվացնել երկրում տնտեսական հարաբերությունները ոչ միայն փոխադարձ առևտրի տեսքով, այլ միմյանց հետ համագործակցելով՝ երրորդ երկրներին ապրանք վաճառելու հարցում։ Ես ասել եմ, որ ցանկացած հարց, որն իմ ոլորտում է, պատրաստ եմ ամենաարագ ձևով լուծել, որովհետև հավատում եմ, որ փոքր խոչընդոտներ վերացնելով` մենք մեծ արդյունքների կարող ենք հասնել», - ասել է Վահան Քերոբյանը։
Հունվարի 23-ից մեկնարկել է նախարար Քերոբյանի հանդիպումների շարքն Իրանի Իսլամական Հանրապետության պետական բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
Աղբյուրը՝ Իրանում ՀՀ դեսպանություն