Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից աջակցվող Բնապահպանական ԿԻԿ և Էկոսերվ ծրագրերի շրջանակներում՝ ՀՀ համագործակցությամբ մշակվել, փորձարկվել և հրատարակվել է «Դեգրադացված բնական կերհանդակների (արոտավայրերի և խոտհարքների) բարելավման ուղեցույցը»՝ հայերեն և անգլերեն լեզվով:
Ուղեցույցի բովանդակությունը և փորձարկման արդյունքները տարբեր ձևաչափերով քննարկվել են համայնքային, մարզային և ազգային մակարդակներում՝ ներառյալ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի» շրջանակներում։
Ուղեցույցն անդրադառնում է դեգրադացված բնական կերհանդակների բարելավմանը միտված գիտականորեն հիմնավորված մեթոդաբանությամբ միջոցառումների նախագծման և իրականացման գործընթացներին, որոնց հիմքում ընկած են ինչպես միջազգային, այնպես էլ տեղական փորձով հիմնավորված գործառույթները:
Ուղեցույցի մեթոդաբանության կիրառությունը հնարավորություններ կստեղծի լուծելու ոչ միայն բնական արոտների և խոտհարքների պահպանման, վերականգնման և արդյունավետացման խնդիրները, այլև էապես կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, ինչպես նաև կերարտադրության համակարգի բարելավմանն ու անասնապահական մթերքների արտադրության ծավալների մեծացմանը: