ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հանդիպում է ունեցել Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սեպտեմբերին կայանալիք ՀՀ-ԵՄ ներդրումային համաժողովի կազմակերպման և անցկացման առնչությամբ իրականացվող ընթացիկ աշխատանքը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
Գերհարդ Շաումբերգերը պատրաստակամություն է հայտնել աջակցել ներդրումային համաժողովի թիրախային ոլորտների՝ կանաչ տնտեսության, հատկապես գյուղատնտեսության ոլորտներում ներդրումային ծրագրերի ներկայացման, պոտենցիալ ներդրումային ընկերությունների հետ համագործակցության հարցում։
Կողմերը կարևորել են ներդրումային համաժողովի նախապատրաստման շրջանակներում Ավստրիական զարգացման գործակալության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների փոխգործակցությունը և պարբերական հանդիպում-քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը։