Փետրվարի 10-ին Երևանում անցկացվեց Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը։ Համաժողովը կազմակերպվել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի Հայաստան այցի շրջանակում։
Համաժողովին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարեկ Համուրին, Հայաստանի և Հորդանանի պետական և մասնավոր հատվածի մի շարք ներկայացուցիչներ և գործարարներ։
Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարեկ Համուրին։
Գոհունակությամբ նշելով, որ ընդամենը շաբաթներ առաջ ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն վերածվում են գործուն քայլերի, Տիգրան Խաչատրյանը նշել է, որ երկրների միջև գործակցությունը զարգացնելու լայն հնարավորություններ կան և համոզմունք է հայտնել, որ այսօրվա գործարար համաժողովը մեծապես կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների և տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանը, ինչպես նաև միտված կլինի առարկայական արդյունքներ գրանցելուն:
«Գործարար կապեր ստեղծելու, փոխշահավետ ծրագրեր իրականացնելու և երկարաժամկետ ներդրումներ կատարելու տեսանկյունից չափազանց կարևոր է վստահելի գործընկերային հարաբերությունների առկայությունը: Համոզված եմ, այս տեսանկյունից Հայաստանը կարող է դառնալ հեռանկարային գործընկեր Հորդանանի համար: Մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ են պարունակում և մենք կցանկանայինք, որպեսզի Հորդանանի մասնավոր հատվածը բացահայտեր իր համար Հայաստանը: Այսօր Հայաստանը հնարավորությունների երկիր է՝ ժամանակակից, կրթված, աշխատասեր մարդկային կապիտալով և բազմաթիվ երկրների հետ համագործակցության շահավետ ձևաչափերով: Մենք իրականացնում ենք «բաց դռների» քաղաքականություն` չկիրառելով գրեթե որևէ սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ։ Այսօր մենք ստեղծել ենք արտահանման ներուժ ունեցող ոլորտներում ներդրումները խթանելու գործուն համակարգ: Այս ամենը Հայաստանը դարձնում է էլ ավելի գրավիչ գործարար և ներդրումային գործունեություն ծավալելու տեսանկյունից», - նշել է նախարարը։
Նա հավելել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել գործարարներին, որպեսզի բոլոր պայմանավորվածություններն իրականություն դառնան առանց խոչընդոտների։ Տնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ուղղված գործողությունների արդյունավետությունը պայմանավորելով նաև մասնավոր հատվածում հաստատված կապերով՝ նախարարը շեշտել է, որ էկոնոմիկայի նախարարության կազմում գործող Ներդրումների աջակցման կենտրոնը պատրաստ է հնարավորինս օժանդակելու մասնավոր հատվածին՝ գործարար կապեր հաստատելու հարցում։
«Համոզված եմ, որ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի շնորհիվ մենք նշանակալի արդյունքներ կարձանագրենք հայ-հորդանանական համագործակցության խրախուսման և զարգացման գործում` նպաստելով փոխշահավետ գործարար կապերի հաստատմանը և համագործակցության նոր ոլորտների ուղենշմանը», - նշել է նախարարը։
Հորդանանի Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարեկ Համուրին իր խոսքում նշել է․ «Իմ և գործընկերներիս անունից ցանկանում եմ շնորհակալական խոսք հղել ընդունելության համար։ Մասնավոր սեկտորը բավականին խանդավառված է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների հաստատմամբ, կան համագործակցության իրական հնարավորություններ Հորդանանի և Հայաստանի միջև։ Ցանկությունը կա, ձգտումը կա, խանդավառությունը կա՝ հետևաբար, կարծում եմ, և՛ կարճաժամկետ և՛ երկարաժամկետ ծրագրեր կունենանք»։
Համաժողովի ընթացքում ստորագրվել է «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարության միջև տնտեսական համագործակցության մասին» Փոխըմբռնման հուշագիրը։
Հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարեկ Համուրին։
Համաժողովի մասնակիցների համար կազմակերպված ոլորտային շնորհանդեսներով ներկայացվել են Հայաստանի և Հորդանանի տնտեսության կառուցվածքը, ներդրումների համար գրավիչ ուղղությունները, երկու երկրների զբոսաշրջային ներուժը։
Համաժողովն իր աշխատանքը շարունակել է B2B ձևաչափով։