ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի խմբի Doing Business բարեփոխումների թիմի անդամ Ալեխանդրո Էսպինոսա-Վանգին՝ քննարկելու «Գործարարություն» զեկույցի մեթոդաբանական հարցերը, ինչպես նաև Բանկի աջակցությունը Հայաստանի գործարար միջավայրին ուղղված բարեփոխումների հետագա աշխատանքներում։
Տիգրան Խաչատրյանը ողջունել է հյուրերին և գոհունակություն հայտնել զեկույցին առնչվող աշխատանքների հերթական փուլի մեկնարկի առթիվ, որի շրջանակում Համաշխարհային բանկի խմբի առաջատար փորձագետներն այս օրերին անմիջական և հեռուստակապի միջոցով Հայաստանում հանրային ոլորտի առանցքային շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ են անցկացնում: Նախարարը շնորհակալություն է հայտնել կազմված խորհրդատվական զեկույցի համար, որն օգտակար ուղեցույց է առկա ռեսուրսները հասցեական ուղղելու արդիական խնդիրների լուծմանը, ինչպես նաև հետագա աշխատանքների կազմակերպման համար:
Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Բանկի ամենամյա գնահատումը կարևոր է ոչ միայն այլ երկրների հետ համեմատության տեսանկյունից, այլև խիստ նշանակալի միջավայրային տեսանկյունից` ճիշտ և իրատեսական պատկեր ստանալու առկա խնդիրների վերաբերյալ` հաշվի առնելով աշխարհում ընդունելի համապատսխան կարգավորումները: Նախարարը տեղեկացրել է, որ զեկույցին համապատասխան բարեփոխման օրակարգը կկազմվի ոչ թե ամենամյա պարբերականությամբ, այլ միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունների մշակման եղանակով:
Ալեխանդրո Էսպինոսա-Վանգը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման և արդյունավետ քննարկումների համար, առանձնացրել այն հարցերը, որոնք այս փուլի օրակարգում են: