ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարեկ Համուրիի գլխավորած պատվիրակությանը:
Պատվիրակությունը Հայաստանում է` նախապատրաստելու Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի սպասվող այցը Հայաստան, ինչպես նաև քննարկելու երկկողմ համագործակցության շրջանակը:
Նախարար Տիգրան Խաչատրյանն իր ողջույնի խոսքում ասել է. «Բարի գալուստ Հայաստան: Ուրախ ենք հյուրընկալել Ձեզ Հայաստանում, քննարկել տնտեսական հարաբերությունների օրակարգը: Մեր երկու երկրներն ունեն մեծածավալ չիրացված տնտեսական ներուժ, որի իրացման հնարավորություններն այսօր մեր երկխոսության օրակարգում են»:
Նախարար Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցած փոփոխությունները և ընդգծել, որ մեր երկրում տնտեսական կյանքի բոլոր մասնակիցներն ունեն հավասար հնարավորութուններ:
Հորդանանի Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարան ասել է. «Շնորհակալություն իմ և ուղեկցող պատվիրակության անունից` մեր սրտին մոտ, մեզ բարեկամ երկրում նման հյուրընկալության արժանացնելու համար. սա բխում է երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններից: Այնուամենայնիվ, այդպիսի հարաբերությունների պայմաններում տնտեսական փոխգործակցությունը շատ համեստ է»։
Նախարար Խաչատրյանն առաջարկել է քննարկել զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը որպես երկու երկրներում դինամիկ զարգացող ուղղություն: Քննարվել է նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացումը` հիմնված երկկողմ հետաքրքրությունների վրա:
Տիգրան Խաչատրյանը տնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ուղղված գործողությունների արդյունավետությունը պայմանավորել է նաև մասնավոր հատվածում հաստատված կապերով: Նա նշել է, որ էկոնոմիկայի նախարարությունում գործող Ներդրումների աջակցման կենտրոնը պատվիրակությանը կօժանդակի մասնավոր հատվածի հետ քննարկումներ ունենալու և կապեր հաստատելու գործում:
Հորդանանի նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա զարգացման ներուժին` ընգծելով, որ այս առումով երկու երկրների տնտեսությունները ևս ունեն ընդհանրություններ, ուստի նաև՝ համագործակցության հնարավորություններ:
Ընդլայնված կազմով քննարկման ընթացքում տեղի է ունեցել առավել մանրամասն ոլորտային քննարկում:
Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Արամ Վարդանյանը հյուրերին շնորհանդեսով ներկայացրել է Հայաստանի տնտեսության կառուցվածքը, ներդրումների համար գրավիչ ուղղությունները, ինչպես նաև անդրադարձել զբոսաշրջային ներուժին և գյուղատնտեսության զարգացմանն ուղղված քայլերին:
Հորդանանի ներդրումների հանձնաժողովի Գլխավոր քարտուղար Ֆարիդոն Հարթոքան համանման շնորհանդես է ներկայացրել երկրի մակրոտնտեսական վիճակի, տնտեսական հնարավորությունների և ներդրումային առաջարկների վերաբերյալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու նախարարություններում ձևավորելու աշխատանքային խմբեր, որոնք հետամուտ կլինեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։