ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հունվարի 24-ին ընդունել է Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության (JETRO) ներկայացուցիչներին։
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Վարոս Սիմոնյանը նշել է, որ Ճապոնիայի հետ Հայաստանի համագործակցությունը գտնվում է յուրահատուկ մակարդակում: Էկոնոմիկայի փոխնախարարը նաև հավելել է, որ, չնայած հայ-ճապոնական առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգանում են, սակայն առկա է արդյունավետ համագործակցության ընդլայնման մեծ ներուժ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են այս տարվա մարտին Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդական Էիչի Հասեգավայի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան այցի հետ կապված մի շարք հարցեր։ Այցի հիմնական նպատակն է քննարկել հայ-ճապոնական արդյունավետ տնտեսական համագործակցության և գործարար կապերի ընդլայնման հեռանկարները:
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են իրենց պատրաստակամությունը՝ համատեղելու ջանքերը և ամենայնս նպաստելու հայ-ճապոնական տնտեսական համագործակցության զարգացմանը։
JETRO-ն ճապոնական կազմակերպություն է, որն աջակցում է արտաքին առևտրի զարգացմանը (Japan External Trade Organization): Այն հանդես է գալիս որպես Ճապոնիայի արտաքին առևտրի և արդյունաբերության նախարարությանն ու տարբեր կորպորացիաներին կապող օղակ: Կազմակերպությունը նաև խոշոր հետազոտական կենտրոն է, որը հավաքագրում և մշակում է օտարերկրյա տնտեսական տեղեկատվություն: