ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության գյուղատնտեսության դաշնային նախարար Յուլիա Քլյոքների հրավերով, հունվարի 16-18-ը Բեռլինում մասնակցել է պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին, համաժողովի շրջանակներում կազմակերպված գյուղատնտեսության նախարարների 12-րդ համաժողովին, ինչպես նաև «Բեռլինյան կանաչ շաբաթ» գյուղատնտեսական միջազգային ամենամյա ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը:
«Սնունդ բոլորի համար. առևտուր` ապահով, բազմազան և կայուն սնուցման համար» խորագրով պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին մասնակցել են 71 երկրների գյուղատնտեսության նախարարներ և 12 միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: Համաժողովը նախագահել է Գերմանիայի գյուղատնտեսության դաշնային նախարար Յուլիա Քլյոքները:
Գլոբալ ֆորումի շրջանակներում անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ, որոնք հնարավորություն են ընձեռել մասնակիցներին անդրադառնալ գլոբալ գյուղատնտեսական քաղաքականությանը և պարենային ապահովությանն առնչվող հարցերին ու մարտահրավերներին և համաձայնության գալ դրանց շուրջ:
«Առևտուրը` Կայուն զարգացման նպատակ 2-ին հասնելու գրավական» խորագրով բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով քննարկումն անցկացվել է Առևտրի համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համանախագահությամբ: Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել պարենային անվտանգության, կլիմայի փոփոխության և թվային տեխնոլոգիաների բնագավառներում առևտրի դերի և փոխազդեցության վերաբերյալ:
Գյուղատնտեսության նախարարների համաշխարհային ամենամեծ հանդիպում հանդիսացող գյուղատնտեսության նախարարների 12-րդ համաժողովի քննարկումներն ընթացել են չորս հիմնական ուղղությամբ։ Տիգրան Խարատրյանը մասնակցել է և գործընկերների հետ մտքեր փոխանակել պարենային արժեշղթաների ներառականություն, կայունություն և անվտանգություն թեմայով քննարկմանը։
Համաժողովի արդյունքում ընդունվել է համատեղ կոմյունիկե` նպատակ ունենալով խթանել գյուղատնտեսական և պարենային ապրանքների առևտրի դերը կայուն գյուղատնտեսությունն ու պարենային համակարգերն ապահովելու գործում, երաշխավորել համաշխարհային պարենային անվտանգությունը, թերսնման կանխումը և ներառական զարգացումը: Կոմյունիկեով սահմանվել է, որ առևտրի քաղաքականությունը` որպես ինտեգրված և համապարփակ ռազմավարության մաս, պետք է ծառայի գյուղատնտեսության և պարենային համակարգերի կայունության բարելավմանը: