ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին։
Նշելով, որ Հայաստանի ու Լեհաստանի միջև հարաբերությունները մշտապես եղել են կառուցողական և ջերմ, Վարոս Սիմոնյանը կարևորել է մեծ ներուժ ունեցող հայ-լեհական տնտեսական կապերի զարգացման և ընդլայնման ուղղությամբ հետևողական աշխատանքը։
Վ․Սիմոնյանը դեսպանին է ներկայացրել տնտեսական առաջնահերթությունները, իր կողմից համակարգվող ոլորտները, մասնավորապես անդրադառնալով Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության, երկկողմ և բազմակողմ ձևաչափով առևտրա-տնտեսական համագործակցության ակտիվացման, ներդրումների ներգրավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ով վերջերս ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նաև Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, դեսպանի հետ քննարկել է հայ-լեհական առևտրատնտեսական համագործակցության հարցերի շրջանակը, անդրադարձել հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։ Երկուստեք կարևորվել է երկու երկրների գործարարների համար B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպումը և գործարար համաժողովների անցկացումը։ Քննարկվել են նաև 2020 թվականին հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը Հայաստանում անցկացնելու ձևաչափի հետ կապված հարցերը։
Վ․Սիմոնյանը առաջարկել է Հայաստանը նաև դիտարկել որպես հարթակ եվրասիական և իրանական շուկաներ մուտք գործելու համար։
Շնորհակալություն հայտնելով հանդիպման և տրամադրված տեղեկատվության համար, դեսպանն իր հերթին նշել է, որ Լեհաստանը կարևորում է հայ-լեհական տնտեսական համագործակցությունը և պատրաստակամ է քայլեր ձեռնարկել այն ավելի խորացնելու և ակտիվացնելու ուղղությամբ։