ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության կողմից պարբերաբար իրականացվում են անվճար խմբային դասընթացներ, որոնց կարող է մասնակցել յուրաքանչյուր շահագրգիռ անձ:
Դասընթացներն անցկացվում են մարզային բաժինների մասնագետների կողմից, թեմաների ընտրությունն իրականացվում է հատուկ տվյալների հավաքագրման և վերլուծության արդյունքում, ինչպես նաև գիտնականների և գյուղոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների առաջարկությունների հիման վրա:
Հերթական խմբային դասընթացը կազմակերպվել էր դեկտեմբերի 10-ին՝ Արարատի մարզի Արաքսավան համայնքում: Այն նվիրված էր ջերմատնային պայմաններում գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու վնասատուների դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցառումների իրականացմանը:
Դասընթացի ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել ագրարային բնագավառում իրականացվող պետական օժանդակության ծրագրերին, մասնավորապես` ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման, ոռոգման արդիական համակարգերի ներդրման և փոքր ու միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրերին:
Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության Արարատի բաժնի պետ Գոռ Գալստյանն իր խոսքում նշել է, որ բաժնի կողմից արդեն իսկ իրականացվել է 18 խմբային դասընթաց, դրանց մասնակցել են 270-ից ավել տնտեսվարողներ:
Նա նաև հավելել է, որ մարզի համայնքներում առավել մեծ հետաքրքրություն կա հատկապես գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և «խելացի» անասնաշենքերի ծրագրերի նկատմամբ:
«Ֆերմերները, մասնակցելով դասընթացին, ծանոթանում են գյուղատնտեսության ոլորտին վերաբերող նորություններին: Նույն գործունեությամբ զբաղվող շահառուներին դասընթաց է մատուցվում խնդրո առարկա ոլորտում կիրառելի լուծումների վերաբերյալ: Դասընթացի ժամանակ ներկայացվում է նաև այլ ֆերմերների կողմից կիրառված փորձը», - իր հերթին նշել է Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության մասնագետ Ծովինար Զաքարյանը:
Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, սկսած 2019 թվականի հուլիսից, վարչության կողմից իրականացվել է 120 խմբային դասընթաց, որոնց մասնակցել են շուրջ 1500 տնտեսվարողներ: