Նոյեմբերի 20-22-ին, Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը (ՀԽԳՀ) Լեհաստանի Կրակով քաղաքում ներկայացնում է հայկական գինիները ENOEXPO 2019 գինու միջազգային 17-րդ ցուցահանդեսում։
ENOEXPO-ն Լեհաստանում գինու արդյունաբերությունն ինտեգրող մասնագիտական միջոցառում է, որին ՀԽԳՀ-ն միասնական տաղավարով ներկայացնում է հայկական 15 գինեգործական ընկերությունների գինին և կոնյակը։
Յուրաքանչյուր տարի ENOEXPO-ն իր հարկի տակ է հավաքում մոտ 150 արտադրողի այնպիսի երկրներից, ինչպիսիք են ՝ Բուլղարիան, Չեխիան, Գերմանիան, Վրաստանը, Հունգարիան, Ֆրանսիան, Իտալիան, Կոսովոն, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան, Ուկրաինան և այլն: Ցուցահանդեսը տարեկան ունենում է 14․000 այցելու՝ գինու բնագավառի մասնագետներ և գնորդներ։
Նոյեմբերի 21-ին ՀԽԳՀ-ի նախաձեռնությամբ կանցկացվի հայկական գինիների համտես-սեմինար նեղ մասնագիտական լսարանի համար: Սեմինարը կանցկացվի Կրակովի գինու ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների, դիստրիբյուտորների և գինու ոլորտի մասնագետների (սոմելիե) համար:
Նոյեմբերի 23-ին Կրակովի “Krakow Slow Wines” գինու մասնագիտացված սրահում տեղի կունենա հայկական գինիների համտես՝ Կրակովի գինու ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների, դիստրիբյուտորների, գինու ոլորտի մասնագետների, գինու ոլորտում հայտնի լրագրողների համար: Համտեսը կանցկացնի Լեհաստանի «Վինիսֆերա» մասնագիտական ամսագրի գլխավոր խմբագիր, գինու թեմայով մասնագիտացված լրագրող և փորձագետ Մարիուշ Կապչինսկին։
Լեհաստանի գինու շուկան համարվում է հայկական գինիների համար թիրախային և աճող շուկա, որտեղ սպառվող գինիների 90%-ը կազմում են ներմուծվող գինիները։ Լեհաստանի գինու շուկան դեռևս հագեցած չէ, սակայն գինու սպառման ծավալների աճը յուրաքանչյուր տարի թույլ է տալիս կանխատեսել, որ լեհական շուկան հայկական գինիների արտահանման համար կարող է լինել խիստ բարենպաստ։