Փ. Թերլեմեզյանի անվան Երևանի պետական գեղարվեստի քոլեջում նոյեմբերի 11-ին ներկայացվել են Հայաստանում դուալ միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) փորձարկման արդյունքները՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ), ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության և ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Աշխատի՛ր, Հայաստան» նախաձեռնության համագործակցության շրջանակում:
Միջոցառումը կազմակերպվել է Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ՝ GIZ-ի կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի կողմից:
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանզհաֆը, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ներկայացուցիչ Կարին Յաղ դը Գեռերոն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Անետա Բաբայանը:
Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ և GIZ-ի այլ գործընկերներ:
«Գերմանական համագործակցությունը առանձնահատուկ կարևորում է պետական և մասնավոր հատվածի գործընկերների համատեղ ջանքերը՝ դուալ կրթության փորձակմամբ Հայաստանում հմտությունների զարգացման նպատակով: Մենք աջակցում ենք նաև համապատասխան օրենսդրական և նորմատիվ փաստաթղթերի մշակմանը, ինչը կապահովի Հայաստանում դուալ ՄԿՈՒ համակարգի հետագա ներդրմանն ու ամրապնդմանը», - նշել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Յաղ դե Գեռերոն իր ողջույնի խոսքում:
«Ուշագրավ էր, որ Հայաստանում բարձրագույն կրթության մասին խոսելիս հիմնական ընկալումն (66%) այնպիսին է, որ այն կարևոր է աշխատաշուկայի համար, սակայն զուրկ է այն գործնական կողմերից, որոնք գործատուին այսօր անհրաժեշտ են: Այս համատեքստում ՄԿՈՒ-ն այն ոլորտն է, որը նպաստելով կրթության և մասնավոր հատվածի գործընկերության ամուր կապի ձևավորմանը, միտված է արագ ու թիրախային գիտելիքներով ու հմտություններով զինել մասնագետներին և աշխատանքին պատրաստ աշխատուժ տրամադրել», - նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը:
Դուալ կրթական ծրագիրը փորձարկվում է ՀՀ ԿԳՄՍՆ հետ համագործակցությամբ. արդեն իսկ 4 քոլեջներում՝ Երևանի պետական հումանիտար քոլեջ, Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ, Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ, Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջ ներդրվել են 5 երկարաժամկետ դուալ ծրագրեր՝ 41 մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ՝ «Զբոսաշրջության մենեջեր», «Գինեգործ», «Ծրագրավորող», «Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտություններով:
Դուալ ծրագիրը նաև ներդրվել է ՀՀ քոլեջներում կարճաժամկետ ծրագրերի միջոցով: Ծրագրերը մշակվում են մասնավոր ընկերությունների առաջարկով և փորձարկվում են նոր մասնագիտությունների, օրինակ՝ «Արևային էներգիայի օգտագործման տեխնիկ» մասնագիտության համար:
Դուալ կրթության հետագա ներդրման նպատակով՝ ընթացիկ տարվա հոկտեմբերից GIZ-ը սկսել է աջակցել «Աշխատի՛ր, Հայաստան» նախաձեռնությանը, որն իրականացվում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ ԿԳՄՍՆ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:
Հմտությունների ցուցադրման ընթացքում ՄԿՈՒ հաստատությունների ուսանողները հյուրերին ներկայացրել են իրենց հմտությունները՝ ՏՏ, ճշգրիտ ճարտարագիտության, զբոսաշրջության և խոհարարության ոլորտներում՝ կիսվելով դուալ համակարգում ուսումնառության իրենց, որը համատեղում է տեսական ուսուցումը քոլեջում և գործնական հմտությունների ձեռքբերում մասնավոր ընկերությունում: Դուալ կրթության մասին ավելի մանրամասն տեղեկատվությունը հասանելի է այստեղ՝ http://bit.ly/2En2oMp ։
«Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի մասին
Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ՝ GIZ-ի կողմից իրականացվող ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի նպատակն է աջակցել կայուն տնտեսական աճին զբաղվածության համար կարևոև ոլորտներում՝ զբոսաշրջություն, գինեգործություն, ՏՏ, ճշգրիտ ճարտարագիտություն: ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի աջակցությունը հիմնականում ուղղված է մասնավոր հատվածի ներգրավմանը մասնագիտական կրթության և ուսուցման (դուալ մասնագիտական կրթություն) բնագավառում:
«Աշխատի ՛ր, Հայաստան» նախաձեռնության մասին
«Աշխատի ՛ր Հայաստան» նախաձեռնությունը գործարկվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանբ համատեղ ջանքերով:
«Աշխատի ՛ր, Հայաստան» նախաձեռնության հիմանական նպատակներն են՝ որակյալ կրթության և երիտասարդության մրցունակության զարգացման ապահովումը՝ կրթական ծրագրերում մասնավոր հատվածին ներգրավելու միջոցով, զբաղվածության խթանում և կրթության ոլորտում բարեփոխումների իրականացում: