Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) երկրորդ ծրագրի «Արժեշղթաների զարգացում» բաղադրիչին նվիրված աշխատաժողով։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ավագ տնտեսագետ և աշխատանքային խմբի ղեկավար Բեկզոդ Շամսիևը, շահագրգիռ պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների, ինչպես նաև վերամշակող ձեռնարկությունների ներկայացուցիչներ:
«Արժեշղթաների զարգացում» բաղադրիչի հիմնական նպատակն է աջակցել կաթի, մսի (ձուկ, թռչուն), մրգի, բանջարեղենի, մեղրի, բարձրարժեք հատապտղի, կերարտադրության ոլորտների արտադրողներին, վերամշակողներին և արժեշղթայի այլ մասնակիցներին արտադրանքի որակական ցուցանիշների, ներքին շուկայի պահանջարկի, սննդամթերքի անվտանգության պահանջների բարելավման, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացման հարցերում:
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը մասնավորապես նշել է. «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակ է դրել գյուղատնտեսության ոլորտում իրականացնել բազմաբովանդակ ծրագրեր, համաձայն որոնց համալիր մոտեցումով աջակցություն կցուցաբերվի սննդային շղթայի բոլոր փուլերին, որոնց կարևոր բաղադրիչն է գյուղատնտեսության առաջնային վերամշակումը: Ագրովերամշակումը կարևորվում է նրանով, որ դրա արդյունքում ստեղծվում է հավելյալ արժեք, ինչը լոկոմոտիվ է հանդիսանում գյուղատնտեսական առաջնային արտադրանքի ծավալների ավելացման համար»:
Շնորհակալություն հայտնելով ծրագրի թիմին և ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը ծրագրի արդյունավետ իրականացման ուղղությամբ գործադրած ջանքերի համար` Բեկզոդ Շամսիևն ընդգծել է, որ նախորդ տարիների ընթացքում ծրագրով գրանցված արդյունքները գոհացուցիչ են և հանրապետությունում ծրագրի հանդեպ հետաքրքրությունը չի նվազում: Համաշխարհային բանկի ներկայացուցիչը նաև հույս է հայտնել, որ ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրի ապագան նույնպես հեռանկարային և բարեհաջող կլինի:
Ծրագրի ղեկավար Արման Խոջոյանն իր հերթին նշել է, որ ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրի շրջանակում արդեն իսկ ֆինանսավորվել է 52 ագրոբիզնես և ակնկալվում է, որ առաջիկայում այդ ցանկը կհամալրվի առնվազն ևս 30-ով: «Մասնակիցների քանակի սահմանափակում չկա: Եթե կլինեն լավ բիզնես ծրագրեր, ապա մենք պատրաստ կլինենք դրանք ֆինանսավորել», - հավելել է նա:
Աշխատաժողովի ընթացքում միջոցառման մասնակիցներին մանրամասն ներկայացվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության (ԳԾԻՎ) կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» 2-րդ ծրագրի շրջանակներում հայտարարված սննդի վերամշակման կազմակերպություններին աջակցության մրցույթի պայմանները:
Բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է նպատակային ֆինանսական օժանդակություն տրամադրել ՀՀ օրենսդրությանը համապատասխան ձևով գրանցված գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտների տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, արտադրական, սպառողական և գյուղատնտեսական կոոպերատիվներին, գյուղատնտեսական մթերքի վերամշակման ձեռնարկություններին (բացառությամբ հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների), որոնք ներգրավված են ընտրված արժեշղթաներում և բավարարում են ծրագրի համապատասխանության և ընտրության չափանիշներին:
Առաջնահերթություն կստանան այն հայտատուները, որոնք ենթածրագրերի իրականացման ընթացքում պայմանագրային հիմունքներով լայնածավալ համագործակցություն կիրականացնեն մեծ թվով ֆերմերային տնտեսությունների հետ: