Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշմամբ հաստատված՝ «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակներում նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել կովերի արհեստական սերմնավորման գործընթացին՝ յուրաքանչյուր սերմնավորման համար փոխհատուցելով 10 հազար դրամ (5 հազար դրամը կվճարի անասնատերը)։
Ծրագրի շրջանակներում, 2025թ․-ին նախատեսվում է սերմնավորել 12640 կովեր, այդ թվում․ Արագածոտնի մարզում՝ 2910, Գեղարքունիքի մարզում՝ 3500, Շիրակի մարզում՝ 3220, Սյունիքի մարզում 1600, Տավուշի մարզում՝ 1410 գլուխ։ 2025 թվականին կովերի արհեստական սերմնավորումն իրականացնելու նպատակով մարզպետարանների պաշտոնական կայքերում կհրապարակվեն հայտարարություններ՝ 2025թ․-ին կովերի արհեստական սերմնավորման ծառայություններ մատուցելու հայտեր ստանալու նպատակով։ Կովերի արհեստական սերմնավորման ծավալները՝ ըստ համայնքների (բնակավայրերի) սահմանում է մարզպետարանը՝ մարզին նախատեսված քվոտայի սահմաններում։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի (բնակավայրի) ղեկավարը պայմանագիր է կնքում կազմակերպության հետ՝ տարվա ընթացքում նախատեսված ծավալով համայնքի կովերի արհեստական սերմնավորումը բարձրորակ սերմնահեղուկով և պատշաճ իրականացնելու վերաբերյալ։ Ընդ որում, եթե միևնույն համայնքում (բնակավայրում) կովերի արհեստական սերմնավորման ծառայություններ մատուցելու համար հայտեր են ներկայացրել երկու և ավելի կազմակերպություններ, ապա համայնքի (բնակավայրի) ղեկավարը պայմանագիր է կնքում հայտ ներկայացրած բոլոր կազմակերպությունների հետ՝ սերմնավորման ենթակա կովերի թիվը հավասարաչափ բաշխելով կազմակերպությունների միջև։ Հաշվի առնելով հանրապետության նախիրներին բնորոշ կովերի ծնի սեզոնայնությունը՝ անհրաժեշտ է սերմնավորման տարեկան ծավալների 60%-ը իրականացնել առաջին և երկրորդ եռամսյակներում։
Անհրաժեշտ է նկատի ունենալ այն հանգամանքը (ծրագրի 24-րդ կետ), որ ծրագրով նախապատվությունը տրվում է ցանկացած նպատակով սոցիալական աջակցություն ստացող տնտեսավարողներին, ինչպես նաև զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին, որոնք տնօրինում են մինչև 10 գլուխ սերմնավորման ենթակա կովեր։
Հայաստանի Հանրապետությունում կովերի արհեստական սերմնավորում իրականացնող այն կազմակերպությունները, որոնք կարող են ստանձնել վերոհիշյալ մարզերում կովերի արհեստական սերմնավորման ծառայությունների մատուցումը, կարող են մարզպետարանների կայքերում սերմնավորման վերաբերյալ հայտարարության հրապարակման պահից սկսած ներկայացնել հայտեր՝ կովերի արհեստական սերմնավորման ծառայություններ իրականացնելու նպատակով։