Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի նպատակն է հանրապետությունում տեղական անասնաբուծական արտադրանքի արտադրության ծավալների ավելացման համար կատարվող ներդրումների մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել ճյուղում կատարվող ներդրումների ավելացմանը, անասնաբուծական արտադրանքի ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, տեղական արտադրության խթանմանը, ճյուղի գրավչության մակարդակի բարձրացմանը։
Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականից Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում։
Ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ անասնաբուծության ճյուղում՝ տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններով առնվազն 1 մլրդ դրամի (Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար՝ առնվազն 500,0 մլն դրամի) ներդրումային ծրագիր իրականացնող ռեզիդենտ իրավաբանական անձինք, այդ թվում վերջիններիս հետ փոխկապակցված իրավաբանական անձինք, որոնք ունեն բարվոք հարկային և վարկային պատմություն։
Ներդրումների կառուցվածքում կապիտալ ներդրումների տեսակարար կշիռը պետք է կազմի 70 % և ավելին, որի առնվազն 60 %-ը պետք է կազմի շենքեր-շինությունների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման ծախսերը։
1 ներդրումային ծրագրի շրջանակում կարող են ընդգրկվել միաժամանակ մեկից ավելի ուղղություններ՝ միասին առնվազն 1,0 մլրդ դրամի (Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար՝ առնվազն 500,0 մլն դրամի) չափով։
Ներդումային ծրագրերի արդյունավետությունը գնահատվելու, ծրագրերի մոնիթորինգն ու աուդիտն իրականացնելու են «Խոշոր քառյակի» մասնագիտացված խորհրդատվական և աուդիտորական ընկերությունները։ Սկզբնական փուլում ներդրումային ծրագրի արդյունավետության վերաբերյալ եզրակացություն կարող է տրամադրել նաև ֆինանսական կառույցը։
Ծրագրին մասնակցելու համար շահառուները մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ (նախարարություն դիմումի մուտքագրման օրը) էլեկտրոնային կամ թղթային եղանակով դիմում են նախարարություն։
Շահառուն պարտավոր է ներդրումային ծրագրի իրականացումը (շահագործման համար պատրաստ) ավարտել 3 տարվա ընթացքում։
Ծրագրով առաջարկվում է ՀՀ բոլոր մարզերում անասնաբուծության ճյուղում ներդրումային ծրագրերի շրջանակում տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում՝ 2 փուլով։ 1 շահառուին տրամադրվող փոխհատուցման հանրագումարը առավելագույնը կկազմի ընդամենը կատարված կապիտալ ներդրումների 40 %-ը, բայց ոչ ավելի, քան 3,5 մլրդ դրամը։
Փոխհատուցման տրամադրման 1-ին փուլի (ներդրումային ծրագրի իրականացման ավարտից հետո (շահագործման համար պատրաստ)) գումարը կազմում է հաշվարկված փոխհատուցման գումարի 2/3-ը, բայց ոչ ավելի, քան 2,3 մլրդ դրամը, իսկ 2-րդ փուլում՝ հաջորդ հարկային տարվա ընթացքում (միայն խոզաբուծության ուղղությամբ ներդրումների դեպքում թույլատրելի է երկու հարկային տարվա ընթացքում) ներդրումային ծրագրով նախատեսված գործունեությունից ստացված հասույթի գումարը մնացած փոխհատուցման գումարի՝ 1/3-ի չափը կրկնակի գերազանցելու դեպքում՝ փոխհատուցման գումարի 1/3-ը, բայց ոչ ավելի, քան 1,2 մլրդ դրամը։
2-րդ փուլի գումարի տրամադրման համար շահառուն ներդրումային ծրագրի իրականացումից (շահագործումից հետո) հաջորդ հարկային տարին լրանալուց հետո 6 ամսվա ընթացքում՝ նախարարություն պետք է ներկայացնի «Խոշոր քառյակի» մասնագիտացված խորհրդատվական և աուդիտորական ընկերություններից որևէ մեկի կողմից կատարված աուդիտի և գնահատման դրական եզրակացությունը (այդ թվում՝ լրիվ ֆինանսական տարվա ընթացքում ներդրումային ծրագրով նախատեսված գործունեությունից ստացված հասույթի գումարը մնացած փոխհատուցման գումարի՝ 1/3-ի չափը կրկնակի գերազանցելու վերաբերյալ տեղեկատվություն)։
Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում (2-րդ փուլից հետո) 3 տարի տարեկան պարբերականությամբ շահառուն թղթային կամ էլեկտրոնային եղանակով նախարարություն է ներկայացնում հաշվետվություն, որի հիման վրա էլ նախարարությունը 3 տարի տարեկան պարբերականությամբ իրականացնում է մոնիթորինգ։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
ԹԵԺ ԳԻԾ` 81-40