2022 թվականի ընթացքում «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանվող այն թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) նկատմամբ, որոնց վերամշակման արդյունքն են հանդիսանում ոսկերչական իրերը, վարպետների կողմից պատրաստված ոսկյա և արծաթյա իրերը, այլ իրերը և դրանց մասերը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7113, 7114, 9003 19 000 1, 9021 29 000 0*, 9101**, 9102**, 9103**, 9105**, 9111**, 9112**, 9113 10 100 0, 9608 10 920 0-ից, 9608 10 990 0-ից և 9608 30 000 0-ից ծածկագրեր) կիրառվում է քվոտա` լիցենզիայի առկայության դեպքում.
Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) արտահանման լիցենզավորման ընթացակարգով սահմանված հարաբերությունները կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշման N14 հավելվածով հաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգին համապատասխան և ՀՀ Կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 197-Ն որոշմամբ (այսուհետ՝ Կարգ)։
Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածքից «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպված թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) երրորդ երկրներ արտահանումը թույլատրվում է N 1 հավելվածով սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում:
Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև թույլատրելի ծավալի բաշխումը լիազոր մարմնի կողմից իրականացվում է այնպես, որ յուրաքանչյուր հայտատուի կողմից հայցվող մասնաբաժինը չգերազանցի սահմանված քվոտայի 20%-ը գլխավոր լիցենզիայի տրամադրման դեպքում և 10%-ը՝ միանգամյա լիցենզիայի տրամադրման դեպքում։
Արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ Լիազոր մարմին) հայտեր ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը:
Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև թույլատրելի ծավալը բաշխվում է սույն կարգի 5-րդ կետի պահանջներին համապատասխան, արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից Լիազոր մարմին դիմումը և կից փաստաթղթերը ներկայացնելու սույն ընթացակարգի 7-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Թույլատրելի ծավալի չբաշխված քանակությունից նոր թույլատրելի ծավալ ստանալու համար արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը Լիազոր մարմին են ներկայացնում հայտ` սույն կարգի 12-րդ կետի պահանջներին համապատասխան:
Չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալը Լիազոր մարմնի կողմից բաշխվում է սույն կարգի 5-րդ կետի պահանջներին համապատասխան:
Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար հայտատուն Լիազոր մարմին է ներկայացնում դիմում` նշելով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, պետական գրանցման կամ հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, էլ.փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև հետևյալ փաստաթղթերը`
1. հայտ` համաձայն N 1 ձևի,
2. գլխավոր լիցենզիայի դեպքում` արտաքին առևտրային պայմանագրի պատճենը, դրա հավելվածները և (կամ) լրացումները, իսկ մեկանգամյա լիցենզիայի դեպքում՝ հաշիվ – ապրանքագրի պատճենը։
3. պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկատվությունը,
4. արտահանվող և վերամշակման ենթակա ապրանքների ձեռքբերումը հավաստող փաստաթղթերը։
Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները հաստատվում են հայտատուի ստորագրությամբ:
Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև՝ փոստով կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը և հայտը անհրաժեշտ է ներկայացնել օրենսդրությանը համապատասխան՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
Հայտատուի կողմից, սույն ընթացակարգով սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթերը ներկայացվելու և հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում՝ Լիազոր մարմնի կողմից բաշխումն իրականացնելուց հետո, հայտատուին հինգ աշխատանքային օրվա ընթացքում որոշման հիման վրա տրամադրվում է լիցենզիան, եթե առկա չեն սույն որոշման 18-րդ կետով սահմանված մերժման հիմքերը:
Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը Լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:
Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:
Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.6-րդ հոդվածի համաձայն` տարեկան պետական տուրքը կազմում է 1000 ՀՀ դրամ: Հայտատուն լիցենզիա ստանալու համար տուրքը վճարում է Կենտրոնական գանձապետարանի 900005000840 հաշվեհամարին: