Հայաստանում մեղվաբուծության ոլորտի խնդիրների եւ այդ ոլորտում պետության անելիքների վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ Տիգրան Ալեքսանյանի հետ։
–Պարոն Ալեքսանյան, որո՞նք են նախարարության կարեւորած խնդիրները մեղվաբուծության ոլորտում։
–Հիմնական խնդիրներից մեկը մեղրի իրացման հետ կապված հարցերն են, չնայած այդ ուղղությամբ նախարարությունը բազմաթիվ քայլեր է ձեռնարկել։ Արտահանման հետ կապված բաց են հիմնականում եվրոպական երկրների ճանապարհները, ԱՄՆ, ԱՄԷ, մի խոսքով, այսօր եթե մեղվաբույծը ցանկություն ունի մեղրի արտահանում իրականացնել, պետությունն այդ ուղղությամբ բավական լուրջ խնդիրներ լուծել է։ Այսինքն, բացել է այդ փակ ճանապարհները, որոնք նախկինում փակ էին, այդ թվում նաեւ Չինաստանի հետ կապված լուրջ աշխատանքներ են տարվել, եւ այսօր արդեն կարող ենք մեղր արտահանել նաեւ Չինաստան։
–Իսկ դրսում գործընկերներ գտնելու հարցը լուծվա՞ծ է։
–Եթե առաջարկություններ լինում են արտերկրից, մենք կոնտակտները տրամադրում ենք. կան մեղվաբուծությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններ եւ հիմնադրամներ, կապվում ենք իրենց հետ, փոխանցում կոնտակտային համարներ, որ կարողանան համագործակցել։ Իսկ, ընդհանուր առմամբ, մեղրի արտահանման ավելացման որոշակի տենդենց արդեն կա, բայց կա նաեւ մարքեթինգային գիտելիքների խնդիր։ Բազմիցս մեղվաբույծներին խորհուրդ ենք տվել որոշակի ճշգրտումներ մտցնել մեղրի գնայինի հետ կապված։ Իրենք չեն կարողանում հաշվել, թե իրենց վրա մեկ կիլոգրամ մեղրն ինչքան է արժենում, եւ վաճառքն իրականացնելու ժամանակ առաջանում են խնդիրներ։
–Ի՞նչ եք կարծում, տեղական շուկայի փոքր լինելը չի՞ նպաստում, որ մեղվաբույծն իր տնտեսությունը չի կարողանում մեծացնել, հետեւաբար, դրսի համար մեծ քանակ չի կարող առաջարկել։
–Այդ խնդրի լուծման համար կառավարությունը բավական ծրագրեր ունի, եւ մեղվաբույծների՝ ծրագրից օգտվելու պարագայում մեծ քանակությամբ բերք կստանան՝ զուգահեռաբար լուծելով նաեւ իրացման խնդիրը։ Մենք գյուղատնտեսության համար ունենք մինչեւ 1 մլն դրամ միկրովարկեր, բավականին հարմար պայմաններով, առանց գրավադրման հատկացվում է գյուղացիական տնտեսություններին, այս դեպքում նաեւ մեղվաբույծներին։ Ունենք նաեւ 3—15 մլն դրամանոց ծրագիր, որից շատ մեղվաբույծներ օգտվում են, իսկ այժմ, հաշվի առնելով կորոնավիրուսի հանգամանքը, բոլոր ծրագրերը տրամադրվում են զրո տոկոսով։ Առկա է նաեւ լիզինգի աջակցման ծրագիր, որի շրջանակներում մինչեւ 400 մլն դրամ է տրամադրվում, բավական լավ պայմաններով, ծրագրում կա արտոնյալ ժամանակահատված եւ նորից զրո տոկոս տոկոսադրույք, որից կարող են օգտվել մեղվաբույծները, ձեռք բերել իրենց անհրաժեշտ սարքավորումները։ Այստեղ պարզապես պետք է ճիշտ մարքեթինգ իրականացնել, եւ այդ խնդրով կառավարությունում հաճախ քննարկումներ ենք կազմակերպում եւ փորձում ենք մարդկանց բացատրել, որ արտադրությանը զուգահեռ պետք է նաեւ մարքեթինգային հարցերով զբաղվել։
–Մեր երկրում տարածվա՞ծ է մեղվակաթի, մեղվաթույնի ստացումը։
–Մեզ մոտ հիմա զարգանում է մեղվակաթի արտադրությունը, մարդիկ էլ սկսել են հաճախակի օգտագործել, տեղական շուկայում էլ է նկատվում մեղվակաթի վաճառքի զարգացում, ինչպես նաեւ արտահանման գործընթացներում։
–Դրսում կա՞ն հետաքրքրված ընկերություններ՝ Եվրոպայից, ԱՄԷ—ից։
–Նշված վայրեր՝ դեռ ոչ, մեղվակաթ որոշակի քանակությամբ Ռուսաստանի Դաշնություն է արտահանվում, օրինակ՝ Մերձավոր Արեւելքում մեղրը հիմնականում օգտագործվում է սննդամթերքների համար, քաղցրավենիքների պատրաստման եւ այլն, եւ մեղվակաթի ու մեղվաթույնի պահանջարկ իրենց մոտ այնքան էլ չկա, հիմնական պահանջարկը մեղրի մասով է գնում։ Բայց մենք այդ ուղղությամբ առաջարկություններ անում ենք միջազգային հանդիպումների ընթացքում։ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում մեղվաբույծներին վարատոզ հիվանդության համար հատկացնում ենք անվճար դեղորայք, որը օգնող ազդեցություն է ունենում մեղուների շրջանում հիվանդությունների կանխարգելման գործում։
–Շաքարով կերակրելու պրակտիկան մեզ մոտ վերացե՞լ է արդեն, թե՞ շարունակում է գոյություն ունենալ։
–Այսօր այդ խնդիրը լուծելը շատ հեշտ է, կարող են վերցնել եւ տանել լաբորատորիա, մեծ գումար էլ չի կազմում, նմուշառում են իրականացնում եւ միանգամից կարող են պատասխանը տալ՝ սախառոզայի քանակը, գլյուկոզայի քանակը, ջրային միացությունների քանակը եւ այլն։ Այն մարդիկ, ովքեր շատ են օգտագործում մեղր, մինչեւ լաբորատորիայի համապատասխան փաստաթուղթը չի լինում, չեն առնում։ Այս վերջին մեկ, մեկուկես տարիների ընթացքում բացվել են մեղրի ու մեղվից ստացվող արտադրանքների խանութներ։ Ունենք գերմանական ընկերության ներկայացուցչություն Հայաստանում, որը զբաղվում է մեղվաբուծության համար սարքավորումների մատակարարմամբ։ Ունենք խանութներ, որոնք վաճառում են մեղվից ստացած ապրանքներ՝ մեղվակաթ, մեղվաթույն։
–Այդ արտադրանքը պահանջարկ վայելո՞ւմ է։ Մեզ մոտ մի սովորություն կար, որ մեղր բոլորը գնում էին իրենց ծանոթ—բարեկամներից։
–Ճիշտ եք ասում, բայց հիմա կան խանութներ, որոնք մեղվաբույծից մեղր են մթերում։ Խանութն ասում է՝ եղբայր, ես կվերցնեմ քո մեղրը, բայց դու ինձ բեր համապատասխան լաբորատորիայի սերտիֆիկատ։ Այդ ժամանակ, երբ գնորդը գնում է խանութից գնում անելու, խանութի աշխատակիցը ցույց է տալիս, որ այդ խմբաքանակի մեղրն ունի հավաստման սերտիֆիկատ։ Այս վերջերս նկատվում է նաեւ այգեգործների մոտ հետաքրքրություն՝ ծառերի փոշոտմանը նպաստելու համար։ Եթե նախկինում դա լուրջ խնդիր էր, այգեգործն ասում էր, որ մեղվաբույծը պետք է գումար տա, մեղվաբույծն էլ հակառակն էր ասում, հիմա արդեն հետաքրքրվածությունը շատացել է այգեգործների կողմից, ասում են՝ բերեք, մենք ամեն ինչով կապահովենք։ Այս տարի 3—4 խոշոր այգեգործական տնտեսություններ մեզ դիմել են, որպեսզի մեղվապահներին ասենք՝ իրենց փեթակները տանեն այգիներում տեղադրեն։
–Եվրոպա արտահանելու հետ կապված՝ պահանջները շարունակո՞ւմ են շատ բարձր մնալ, թե՞ որոշակի չափորոշիչների նվազեցում կա։
–Եվրոպա արտահանելու հետ կապված՝ գրեթե ամեն տարի փորձագետներ են գալիս Հայաստան, այստեղ շատ լուրջ փորձաքննություն են իրականացնում ՍԱՏՄ—ի հետ համատեղ, հետո այդ արդյունքների հիման վրա երկարացնում են արտահանման գործընթացը, եւ մինչ այսօր մենք որեւէ խնդիր չենք տեսել։ Ամեն երկիր տալիս է իր չափորոշիչը, լաբորատորիան տեսնում է՝ ինչ չափորոշիչներ են պահանջվում, եւ դրան համապատասխան փորձաքննություն է իրականացնում։ Մեր լաբորատորիաների տված հավաստագիրը հավասարազոր է իրենց կողմից տրված հավաստագրին։
–Իսկ դրսում մարկետինգային արշավ կազմակերպելու գործում մեր տնտեսավարողն ունի՞ աջակցություն պետության կողմից։
–Կոնկրետ Չինաստանի հետ կապված՝ մեր առեւտրաարդյունաբերության պալատը հատկացրել էր բիզնես տարածք, որտեղ Հայաստանից ներկայացուցիչները զբաղվում էին մարկետինգով, ընդհուպ կարող էին տարածք տրամադրել, օգնել թարգմանչական աշխատանքների հետ կապված եւ այլն։