Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ներկայացնում է կառավարության կողմից տրվող կորոնավիրուսի հակաճգնաժամային աջակցության միջոցառումները, դրանց արդյունավետությունը: Նախարարը նաև խոստորեն կոչ է անում այսօրվանից գործելու հնարավորություն ստացած տնտեսվարողներին խստորեն պահպանել անվտանգության կանոնները` խուսափելու վարակի ավելի տարածումից:
Ի պատասխան օգտատերերից մեկի հարցին, թե ինչպե՞ս են ստուգելու՝ որքան նպատակային ու արդյունավետ են լինելու կորոնավիրուսի հակաճգնաժամային աջակցության միջոցառումները, նախարարն ասաց, որ սա շատ բարդ հարց է.- «Որովհետև որպեսզի կարողանանք գնահատել, թե մեր ձեռնարկած միջոցառումները որքանով են արդյունավետ, պետք է կարողանանք հստակ պատկերացում ու չափումներ ունենալ, թե որքան են շարունակվելու նոր կորոնավիրուսի տնտեսական հետևանքները և այն ազդեցությունը, որ նա գործում է տնտեսության վրա: Ցավոք, գիտեք, որ ոչ միայն ավարտված չէ այդ երևույթի ազդեցությունը մեր տնտեսական կյանքի վրա, այլև այն դեռևս անորոշ ժամանակով կշարունակի ներկա լինել մեր կյանքում: Մենք ամեն օր հետևություններ ենք անում, ամեն օր փորձում ենք վերադասավորել մեր առօրյա անելիքներն ու մեր տնտեսական վարքագիծը»:
«Այն, ինչը մենք անում ենք, պահանջված է»
Խաչատրյանը հիշեցրեց` 150 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով աջակցության ծրագրերի ներդրման մասին են հայտարարել, որոնք բաժանված են 2 մասի: Առաջինը արագ արձագանքման միջոցառումներն, իսկ երկրորդ փուլում իրականացվելիք միջոցառումները ավելի երկարատև միջոցառումներն են: Այս փուլի մասին, ըստ նրա, կարելի է խոսել այն ժամանակ, երբ արդեն պարզ կլինի, թե ինչպիսի փոփոխություններ են արձանագրվել համաշխարհային տնտեսության մեջ:
«Մենք ունենք բավական մեծ արձագանք մասնավոր հատվածի կողմից, ինչը նշանակում է, որ այն, ինչը մենք անում ենք, պահանջված է»,- նկատեց նա:
Որքան գումար է հատկացվել
Նախարարության ծրագրերով մոտավորապես 6 հազար տնտեսվարող սուբյեկտներ ֆինանսավորվել են ընդհանուր առմամբ, որից 5 հազարը ֆինանսավորվել են միկրովարկերի մասով, դրանք գյուղատնտեսությանը վերաբերող թվերն են, տեղեկացրեց բանախոսը:
«ՓՄՁ-ներին ուղղված պարզեված ընթացակարգերով վարկերի հասանելիություն ապահովելու նպատակ ուներ մյուս միջոցառումը, այսօրվա դրությամբ 7,1 միլիարդ դրամ վարկավորում ունենք` հաստատված վարկեր, շահառուների թիվը` մոտ 630, այդ թիվն ամեն օր է փոխվում»,- մանրամասնեց Խաչատրյանը:
5-րդ միջոցառմամբ, որը վերաբերում էր մարտ ամսին իրենց աշխատատեղերն ու աշխատավարձերի չափերը պահպանած կազմակերպություններին, եղել է մոտ 2 միլիարդ դրամի դրամական աջակցություն` «ուղղված այդ կազմակերպությունների 5-րդ աշխատակցի աշխատավարձերը վճարելուն», հայտնեց նա:
«Մենք գտնում ենք, որ այդ միջոցառումներն արդեն իսկ բավական արդյունավետ են, այսպիսի աջակցությունը շարունակական է լինելու այն տրամաբանությամբ, որ հրատապ աջակցության միջոցառումներից անցում ենք կատարելու դեպի երկարաժամկետ աջակցության գործիքակազմ: Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ առաջին կտրուկ փոփոխության ժամանակահատվածը կհամարենք արդեն հասկացված և ամփոփված և կպլանավորենք մեր անելիքները այն հարթության մեջ, որոնք օգնում են կազմակերպություններին վերադասավորվելու և ընտրելու իրենց զարգացման ուղին»,- ասաց Տիգրոն Խաչատրյանը:
Կոչ տնտեսվարողներին` պահպանել անվտանգության կանոնները
Անդրադառնալով «Ազատության» լրագրողի ներկայացրած օրինակին, որ առաքում ապահոված ընկերություններից մեկի աշխատակիցը ձեռնոցներով չի եղել, չի պահպանել անվտանգության կանոնները, ավելին նշել է` ինքը չի կարողանում ձեռնոց կրել, էկոնոմիկայի նախարարը վերահաստատեց պարետ Ավինյանի պնդումը, որ հետևողական են լինելու այս դեպքում.- «Յուրաքանչյուր չարգելված եղանակով, իսկ դա Աշխատանքի հարցերով տեսչության իրավասությւոնն է` գտնել այն կազմակերպություններին, որ շարունակում են գործել ու բավարար ուշադիր չեն անվտանգության կանոնները պահելուն, հետևողական ենք լինելու, որ այդ կազմակերպությունները գտնվեն խիստ կանոնների դաշտում»:
Նա դիմեց այն գործատուներին, որոնք վերագործման հնարավորություն են ստացել` պարզաբանելով, որ յուրաքանչյուրի կողմից այդ կանոնները պահելը բոլորի պատասխանատվության հարցն է, ոչ միայն պետական համակարգի, որ առաջին հերթին իրենց աշխատակիցների առողջության համար պատասխանատուները պետք է չանտեսեն այն պահանջները, որոնք գուցե առաջին հայացիք դժվար իրագործելի են թվում: Նա կոչ արեց փոխել սովորությունները ու պահել անվտանգության կանոնները:
«Տնտեսությունը դարձնենք ավելի քիչ խոցելի դրսի ազդեցություն ունեցող գործոններից»
Օգտատերերից մեկն էլ հարց էր հնչեցրել գազի գնի հնարավոր վերանայման վերաբերյալ:
«Գազի գնի թանկացումը միշտ էլ դժվարություններ ստեղծող է, որովհետև նա ծախսային գործոն է տնտեսության համար և բնակչության հիմնական սպառման տեսակներից մեկն է, այնպես որ մշտապես գազի գնի փոփոխությունները լինելու են մեր կողմից, հասարակության կողմից ամենից շատ քննարկվող թեմաներից մեկը, ընդհանրապես տնտեսությունն է այդպիսին, բոլոր ռեսուրսներն են ժամանակի մեջ ունենում գնի փոփոխություններ, և մենք մի դեպքում ավելի շատ ուշադիր ենք, ավելի շատ ենք նկատում դա:
Օգտագործելով բոլոր հնարավորությունները, որոնք թույլ կտան ունենալ հավասարակշռված էներգետիկ համակարգ` մենք պետք է նաև մեր տնտեսությունը դարձնենք ավելի քիչ խոցելի դրսի ազդեցություն ունեցող գործոններից, այսինքն` եթե արևի, քամիների ռեսուրսը կարողանանք ավելի շատ օգտագործել, ավելի քիչ կախված կլինենք նաև գազի և այդ եղանակով էլեկտրամատակարարման գնի փոփոխություններից»:
«Վալեքսի» ֆինանսական խնդիրները որևէ մեկի գործողության արդյունք չեն եղել
Օգտատերերը նախարարին հիշեցրել էին, որ «Վալեքս գրուպ»-ի ֆինանսական տնօրենն է եղել, որից հետո ֆինանսական ճգնաժամ է ստեղծվել այդ ընկերությունում, այն անցել է ռուսական ՎՏԲ բանկին, այդ ընկերությունը, ըստ օգտատերերի, տարիներ շարունակ խաբել է պետությանը` թաքցնելով իրական արդյունահանման ծավալները, ապա հարցրել` ինչպե՞ս է այս դեպքում զբաղվում երկրի ֆինանսական հարցերով:
Տիգրան Խաչատրյանը հայտարարեց` դա որևէ մեկի գործողությունների արդյունքում չի եղել կամ էլ անգործության հետևանք չի եղել:
«Եղել է շուկայական որևէ պայմանների արդյունքում առաջացած հետևանք, և ես ամենևին չեմ կարծում, որ իմ անցալ մասնագիտական գործունեությունը կարող է որևէ կերպ ազդել այն պատասխանատվության և անելիքների վրա, որոնք ես այսօր ունեմ»: