Օրերս «Factor.am» լրատվական կայքը հանդես էր եկել «Մայլեռ» ներդրումային ծրագրի վերաբերյալ հրապարակմամբ՝ կատարելով իրականությանը չհամապատասխանող մի շարք պնդումներ: Եվ այսպես՝
ՊՆԴՈՒՄ 1. «Հրապարակման մեջ նշվում է, որ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի հիմնադրած «Մայլեռ ԱՏԳ» ՍՊԸ-ն պետռեգիստրում այդ անվամբ գրանցվել է 2023 թ. սեպտեմբերի 6-ին։ Այսինքն՝ արդեն այդ ժամանակ ընկերության ղեկավարները վստահ էին իրենց ծրագրերում և կառավարության աջակցության մեջ»։
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ դեռևս 2021 թվականի հուլիսի 29-ին ՀՀ կառավարության N 1246-Ա որոշմամբ հավանության է արժանացել ՀՀ Արագածոտնի մարզում լեռնային հանգստավայրի կառուցման «Մայլեռ» ներդրումային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)։ Որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսվել է, որ ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով ստեղծվելու է նաև ազատ տնտեսական գոտի։
Հաշվի առնելով որոշման դրույթները, ինչպես նաև հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել և կառավարության կողմից սույն թվականի օգոստոսի 15-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «ՄԱՅԼԵՌ ԱՏԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևը հաստատելու մասին» N 1302-Ա որոշումը։
Ծրագրի շրջանակներում ազատ տնտեսական գոտու ստեղծումն նպատակ ունի ստանալ մի շարք նշանակալի առավելություններ երկրի կամ առնվազն տվյալ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար: Այն միտված է ներդրումների ներգրավմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, արտահանման խթանմանը՝ օրենսդրությամբ նախատեսված հարկային արտոնությունների, ինչպես նաև զարգացած ենթակառուցվածքների տրամադրման միջոցով: Կարևոր է ընդգծել, որ հարկային արտոնությունները տրամադրվելու են ոչ թե ԱՏԳ կազմակերպիչ ընկերությանը, այլ շահագործողներին։
ՊՆԴՈՒՄ 2. «Կառավարությանը ներկայացրած ներդրումային փաթեթում ընկերության պատասխանատուները ներկայացրել են ոչ ճիշտ տվյալներ, իսկ կառավարությունն էլ կա՛մ չի նկատել դա, կա՛մ չի ցանկացել նկատել։ ««Մայլեռ ԱՏԳ» ՍՊԸ-ն ծրագրի իրականացման ընթացքում արդեն իսկ իրականացրել է 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ համապատասխան ենթակառուցվածքների ձևավորման նպատակով, ինչպես նաև ստեղծել է 90-100 նոր աշխատատեղ»,- նշված է ընկերության ծրագրում: Իրավական կազո՞ւս, թե՞... Մինչ այս Եղիպատրուշում լեռնադահուկային հանգստավայրի ներդրող հանդիսացել է «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ն, այլ ոչ թե «Մայլեռ ԱՏԳ» ՍՊԸ-ն, այսինքն՝ ներդրումներն ու ստեղծված աշխատատեղերը վերագրվում էին ՓԲԸ-ին։ Համացանցի բաց աղբյուրների համաձայն՝ «Մայլեռ ԱՏԳ» ՍՊԸ-ն որևէ աշխատողի համար դրոշմանիշային պարտադիր վճարումներ չի կատարել։ Factor.am-ի հարցմանն ի պատասխան Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ 2024 թ. օգոստոսի 9-ի դրությամբ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ում աշխատում է 12 անձ։ Ընդգծենք, որ ԱՏԳ դառնալու հայտը կառավարությունը քննարկել է 2024 թ. օգոստոսի 15-ին, իսկ այդ ընթացքում աշխատողների թիվը չէր կարող այդքան կտրուկ աճել»։
ՊԱՏԱՍԽԱՆ. 2021 թվականից ի վեր ներդրումային ծրագրի իրականացման նպատակով շարունակաբար իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ, մասնավորապես՝ ճոպանուղու և սահուղիների կառուցման, արհեստական ձնագոյացման համակարգի ձեռքբերման և տեղադրման ուղղությամբ։ Արդյունքում, ընկերությունն արդեն իսկ իրականացրել է ավելի քան 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ։ Հավելենք նաև, որ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում մատակարար կազմակերպությունների կողմից ստեղծվել է 280 աշխատատեղ, որից 150-ը ներգրավված է շինարարական, իսկ մյուսները՝ հյուրանոցային, ռեստորանային և սպասարկման աշխատանքներում։
Հաշվի առնելով ծրագրի երկարաժամկետ բնույթը և փուլայնությունը՝ շինարարության ծավալների ընդլայնմանը և ենթակառուցվածքների ստեղծմանը զուգահեռ նախատեսվում է ավելացնել աշխատակիցների թիվը (Ծրագրի ավարտին կստեղծվի շուրջ 1500 հիմնական աշխատատեղ՝ հյուրանոցային, ռեստորանային, ճոպանուղիների, վարձույթի և առհասարակ սպասարկման ոլորտներում)։
Հարկ է նշել, որ ծրագրի իրականացմամբ նախատեսվում է նպաստել զբոսաշրջության, սպորտի զարգացմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը, ՀՀ համար ռազմավարական նշանակություն ունեցող այլ ոլորտների զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, նոր աշխատատեղերի բացմանը և համայնքի զարգացմանը՝ այդպիսով նպաստելով տնտեսական ցուցանիշների բարելավմանը։
ՊՆԴՈՒՄ 3. «Այս հանգստավայրի ներդրումային ծրագիրն արդեն մի քանի անգամ հայտնվել է կառավարության նիստերի օրակարգերում՝ ստանալով տարատեսակ աջակցություն։ Գործադիրը 2021 թ. հուլիսի 29-ին հավանության է արժանացրել հանգստավայրի կառուցման ներդրումային ծրագիրը, իսկ 2022 թ. ապրիլի 22-ին ընկերությանը տրամադրել է խաղատան լիցենզիա»:
ՊԱՏԱՍԽԱՆ. Դեռևս 2021 թվականին որոշմամբ նախատեսված էր, որ անհրաժեշտ է մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ծրագրով նախատեսված խաղատան լիցենզիաների տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով համապատասխան օրենսդրական փաթեթ։ Սույն դրույթի իրականացման նպատակով մշակվել է օրենսդրական փաթեթ, որը ՀՀ կառավարության 2022 թ. ապրիլի 22-ի N 555-Ա որոշմամբ հավանության է արժանացել։ Այն ներառում էր ««Մայլեռ» ներդրումային ծրագրի շրջանակներում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը խաղատան լիցենզիա տրամադրելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը։ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացվել է Ազգային ժողով, սակայն նախագծերը քննարկվելով Ազգային ժողովում, չեն ստացել դրական եզրակացություն։ Արդյունքում, դրանք չեն ընդունվել, և ներդրող ընկերությանը խաղատան լիցենզիա չէր կարող տրամադրվել։
ՊՆԴՈՒՄ 4. «Նույն տարվա հուլիսի 21-ին տրամադրվել է 1 մլրդ դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն»:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ընկերությունը, ի թիվս մի շարք այլ կազմակերպությունների, գործող օրենսդրության համաձայն, դիմել է աջակցության ծրագրից օգտվելու նպատակով, և բավարարելով սահմանված պահանջները՝ ստացել է այդ արտոնությունը։
ՊՆԴՈՒՄ 5. «2023 թ. ապրիլի 13-ին որոշվել է կառուցել «Մայլեռ» հանգստավայրի ասֆալտապատ ավտոճանապարհը՝ 900 մլն դրամ հատկացնելով հարկատուների գրպանից»։
ՊԱՏԱՍԽԱՆ. Դեռևս 2021 թվականին որոշմամբ նախատեսված էր, որ անհրաժեշտ է մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ծրագրով նախատեսված՝ պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման ծրագիր։ Սույն դրույթի կատարման նպատակով մշակվել և ՀՀ կառավարության 2023 թ. ապրիլի 13-ի N 535-Ա որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի «Մայլեռ» հանգստավայրի ասֆալտապատ ավտոճանապարհի կառուցման ծրագիրը», որի հիման վրա ներկայումս կատարվում են հիշյալ ճանապարհի կառուցման նպատակով անհրաժեշտ գործընթացները։
Ինչ վերաբերում է ճանապարհի կառուցմանը, ապա նշենք, որ ներդրումային ծրագրի տարածք տանող ճանապարհը գտնվում է ոչ բարեկարգ վիճակում, ուստի ճանապարհի կառուցումը կվերացնի այդ անհարմարությունները։ Բացի այդ, կբարձրանա շրջանի գրավչությունը թե՛ զբոսաշրջիկների, թե՛ ներդրողների համար։
ՊՆԴՈՒՄ 6. «2024 թ. օգոստոսի 15-ին էլ ընկերությանը տրվել է ազատ տնտեսական գոտու կազմակերպչի կարգավիճակ։ Ուշագրավ է, որ այս բոլոր որոշումներն ընդունվել են լռելյայն՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։ Մինչդեռ, տնտեսական նման խոշոր ծրագիրը, առավել ևս նոր ազատ տնտեսական գոտու ստեղծումը, նախկինում երկար քննարկումների առիթ կդառնար։ Օրինակ՝ Հրազդան քաղաքում «Էկոս» ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը բավականին հանգամանալից ներկայացվել է 2018 թ. օգոստոսի 30-ի նիստում։ Ընկերության հայտարարած ներդրումների ծավալը մինչև 30 մլրդ դրամ է՝ սահուղիների և արհեստական ձնագոյացման համակարգի ձեռքբերման և ժամանցային կենտրոնների, հյուրանոցների և այլ ենթակառուցվածքների կառուցման համար: Դրանց մի մասը, այդ թվում լեռնադահուկային համալիրը՝ ճոպանուղով, «Տաք տեղ» ռեստորանային համալիրը և դրանց սպասարկող ենթակառուցվածքներն արդեն գործում են 2023 թ. Հունվարից»։
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարկ է ընդգծել, որ ելնելով նպատակահարմարությունից, ՀՀ կառավարության նիստերի օրակարգում ներառված հարցերը կարող են լինել զեկուցվող կամ չզեկուցվող։ Նույնիսկ չզեկուցվող հարցերը տեղադրվում են տվյալ օրվա նիստերի օրակարգում և ամբողջությամբ հասանելի են հանրությանը։ Այս ծրագրի մասով, 2021 թ. հուլիսի 29-ի կառավարության նիստի ընթացքում հարցը եղել է զեկուցվող։
ՊՆԴՈՒՄ 7. «Եվ այստեղ էլ կառավարությունն աչք է փակել ընկերության թույլ տված խախտման վրա. նախքան 2022 թ. ընթացքում շինարարական աշխատանքներ կատարելը, ընկերությունը չի իրականացրել ճոպանուղիների, հյուրանոցային և ռեստորանային հանգույցի կառուցման համար կազմված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության և գնահատման փորձաքննություն։ Այն Շրջակա միջավայրի նախարարության կայքում հրապարակվել է միայն 2023 թ. հոկտեմբերի 4-ին, իսկ նախարար Հակոբ Սիմիդյանը այդ փորձաքննությունը հաստատել է 2023 թ. նոյեմբերի 16-ին։ Այսինքն՝ պաշտոնյաներն աչք են փակել այդ լայնածավալ և, փաստորեն, ապօրինի շինարարության վրա։ Դա էլ այն դեպքում, երբ 2022 թ. համայնքի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում Էկոնոմիկայի նախարարության շենքի առջև՝ դժգոհելով իրենց հողերը գերակա շահ ճանաչելու դեմ»։
ՊԱՏԱՍԽԱՆ. Շրջակա միջավայրի վրա ազդեցության և գնահատման փորձաքննության հարցը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության լիազորությունների շրջանակում։ Ինչ վերաբերում է հանրության գերակա շահին, գործընթացն իրականացվել է առկա օրենսդրության շրջանակում՝ կրկին ելնելով որոշման դրույթներից։
ՊՆԴՈՒՄ 8. «Արտոնյալ ԱՏԳ-ն՝ մրցակցությունից դուրս. Ազատ տնտեսական գոտիները ստեղծվում են ներդրումների ներգրավման, նոր աշխատատեղերի ստեղծման և արտահանման խթանման միջոցով Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով։ Հանրապետությունում ներկայումս գործում են չորս ազատ տնտեսական գոտի՝ «ՌԱՕ ՄԱՐՍ», «ԵրՄՄԳՀԻ», «Մերիդիան», «Մեղրի» և «Էկոս»: Այս ԱՏԳ-ների գործունեության արդյունավետության գնահատականը կառավարությունը չի հրապարակել։ Ազատ տնտեսական գոտում գործունեության թույլտվությունը կազմակերպություններին ազատում է որոշ հարկեր վճարելու պարտավորությունից։ «Մայլեռ»-ը տվյալ դեպքում առնվազն շահութահարկ չի վճարելու»։
ՊԱՏԱՍԽԱՆ. Ինչպես նշված է սույն պատասխանների առաջին կետում, հաշվի առնելով որոշման դրույթները, ինչպես նաև հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել և կառավարության կողմից 2024 թ. օգոստոսի 15-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Մայլեռ ԱՏԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևը հաստատելու մասին» N 1302-Ա որոշումը։
Ծրագրի շրջանակներում ազատ տնտեսական գոտու ստեղծումը նպատակ ունի ստանալ մի շարք նշանակալի առավելություններ երկրի կամ առնվազն տվյալ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար: Այն միտված է ներդրումների ներգրավմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, արտահանման խթանմանը, օրենսդրությամբ նախատեսված հարկային արտոնությունների տրամադրմանը, ինչպես նաև զարգացած ենթակառուցվածքների ստեղծմանը։
Կարևոր է ընդգծել, որ հարկային արտոնությունները տրամադրվելու են ոչ թե ԱՏԳ կազմակերպիչ ընկերությանը, այլ շահագործողներին։ Այստեղ հարկ է նաև նշել, որ ԱՏԳ կազմակերպչի կարգավիճակ ստանալով՝ ընկերությունը ստանձնում է մի շարք պարտավորություններ, որոնք մշտադիտարկվելու են, և նախատեսված ցուցանիշների չկատարման դեպքում կիրառվելու են օրենսդրությամբ նախատեսված մեխանիզմներ։
Ինչ վերաբերում է գործող ԱՏԳ-ների գործունեության արդյունավետության գնահատականին, ընդգծենք, որ օրենսդրության դրույթների համաձայն, իրականացվում է մշտադիտարկում, և կատարվում են դրանից բխող անհրաժեշտ գործողություններ։
ՊՆԴՈՒՄ 9․ «Նկատենք, որ ԵՄ բարեվարքության խմբի կողմից ՀՀ-ում գործող ԱՏԳ շահագործողներին տրվող շահութահարկից ազատման արտոնությունները որակվել են որպես «վնասակար» հարկային ռեժիմներ: ԱՏԳ-ն ունենալու է զբոսաշրջային-ռեկրեացիոն ուղղվածություն, և, ըստ ներդրումային ծրագրի, այդտեղ «արտահանումը լինելու է ծառայությունների տեսքով, մասնավորապես՝ օտարերկրացի զբոսաշրջիկների մասով (1 հաճախորդի կողմից կատարվելիք միջին ծախսը համալիրում մնալու ընթացքում, ըստ կանխատեսումների, կկազմի շուրջ 100,000 դրամ)»: Արտահանման ծավալները, աճելով միջինում շուրջ 23.1%-ով, հանգստավայրի գործունեության 18-րդ սեզոնին կկազմեն շուրջ 70 մլրդ ՀՀ դրամ։ Առաջին 18 սեզոնի ընթացքում արտահանման ծավալները միջինում կկազմեն շուրջ 30 մլրդ ՀՀ դրամ տարեկան։ Այսպիսով, արտահանման ծավալները, առաջին փուլի 25-27 մլրդ դրամից, նախատեսվում է երրորդ փուլում հասցնել 320-340 մլրդ դրամի։ Անկախ նրանից, թե այս ցուցանիշներն իրականում որքանով կապահովվեն, ստացվում է, որ պետությունը լեռնադահուկային այս համալիրի համար առավել նպաստավոր պայմաններ է ստեղծում և ապահովում մրցակցությունից դուրս գործունեություն»։
ՊԱՏԱՍԽԱՆ. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը (BEPS) ծրագրի 5-րդ միջոցառման (Harmful tax practices) տեղայնացման աշխատանքների շրջանակում ՀՀ գործող ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) շահագործողների համար սահմանված արտոնությունները, որպես «վնասակար» հարկային ռեժիմներ, դասակարգումից ձերբազատվելու նպատակով արդյունավետ համագործակցություն և անհրաժեշտ աշխատանքներ են իրականացվել եվրոպացի գործընկերների հետ։ Արդյունքում մշակվել և Ազգային ժողովի կողմից ընդունվել են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը։ Հարկ է ընդգծել, որ ծրագրի իրականացման նպատակով ԱՏԳ ստեղծումն արդեն իսկ իրականացվում է նոր օրենսդրական փոփոխությունների շրջանակում, հետևաբար բավարարվում են ԵՄ գործընկերների կողմից առաջադրված պահանջները։