2024թ. մարտի 7-8-ին Վաշինգտոնում (ԱՄՆ) տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի (TIFA) հերթական նիստի արդյունքներն ամփոփելու նպատակով Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն, որին մասնակցել են՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պարտականությունները կատարող Ռաֆայել Գևորգյանը, վերջինիս կողմից գլխավորած պատվիրակության անդամները, ԱՄՆ Առևտրային ներկայացուցչի գրասենյակի (USTR) Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով տնօրեն Ջեյսոն Բանտինը, ԱՄՆ Առևտրային ներկայացուցչի գրասենյակի պաշտոնյաները, Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի կովկասյան տարածաշրջանի համակարգողները, ԱՄՆ աշխատանքի, ֆինանսների և գյուղատնտեսության նախարարությունների փորձագետները, Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի միջազգային քաղաքականության գրասենյակի ղեկավար Լիզ Աբրահամը, ԱՄՆ արտոնագրերի և ապրանքանիշների գրասենյակի փորձագետները, Առևտրի դեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչները, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցչիները, ինչպես նաև Միջազգային համագործակցության գործարար խորհրդի (BCIU) անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները։
Ընդունելության ընթացքում ելույթ է ունեցել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, ով շնորհակալություն է հայտնել բոլոր ներկաներին՝ ՀՀ-ից ժամանած պատվիրակության հետ վերջին 2 օրերի ընթացքում կազմակերպած առարկայական քննարկումների համար, հավաստիացրել աջակցել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը և ապահովել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա խորացումը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պարտականությունները կատարող պարոն Ռաֆայել Գևորգյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում վերջին 3 տարիների ընթացքում տեղի ունեցած օրենսդրական բարեփոխումները, որոնց շնորհիվ ՀՀ շուկան դարձել է ավելի թափանցիկ, ներառական և, հետևաբար, ավելի գրավիչ օտարերկրյա ներդրումների համար։ Ներկայացվել են նաև վերջին տարիների վիճակագրական տվյալները՝ փոխադարձ առևտուրը երկու երկրների միջև, տնտեսական աճը ըստ ոլորտների, ՀՀ-ում իրականացված ներդրումային ծրագրերը և զարգացման հետագա ուղղությունները։
Ընդունելության ընթացքում ելույթով հանդես է եկել նաև հայկական ծագում ունեցող ամերիկյան գործարար, «Իթաբերկո» կազմակերպության նախագահ՝ Բերջ Ղազարեանը։ Նա ներկայացրել է «Իթաբերկո» ընկերության գործունեությունը ԱՄՆ-ում, ինչպես նաև ընկերության ներգրավվածությունը մի շարք նախաձեռնություններում, որոնցից հատկանշական է նշել Ձեռնարկատիրական օպերացիոն համակարգի ներդրումը, որն օգնել է ամբողջ աշխարհում հազարավոր ձեռներեցների հասնել իրենց առաջ դրված նպատակներին։ Բերջ Ղազարեանի համոզմամբ, նման համակարգերի ներդրումը ՀՀ-ում հնարավորություն կտա 10-250 աշխատակից ունեցող ընկերություններին ապահովել արագ աճ և ստեղծել վերահսկելի կառավարման համակարգ։ ՀՀ-ում նշված համակարգի ներդրման նպատակով արդեն իսկ մեկնարկել են նախապատրաստական աշխատանքներ։
Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանի Հանրապետության շուկայի զարգացման և արտահանման դիվերսիֆիկացման վերաբերյալ։