Նախարար Վահան Քերոբյանի ներկայությամբ դեկտեմբերի 29-ին կայացել է «Դիլի», «Բռոլեր», «Արաքս թռչնաֆաբրիկա» և «Ֆուդ Սիթի» ՍՊԸ-ների հետ «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի» մասնակցության պայմանագրերի ստորագրման արարողությունը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից պայմանագրերը ստորագրել է նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը։
Պայմանագրերի շրջանակում անասնաբուծության ճյուղում՝ մասնավորապես տավարաբուծության, թռչնաբուծության և խոզաբուծության ուղղություններով կիրականացվի շուրջ 23․4 մլրդ ՀՀ դրամ ներդրում և կստեղծվի շուրջ 330 աշխատատեղ։
ՀՀ կառավարության կողմից կտրամադրվի իրականացված կապիտալ ծախսերի 40% փոխհատուցում։
«Այսօր շատ կարևոր օր է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի համար, քանի որ այս պայմանագրերով նախատեսվում է իրականացնել խոշոր ներդրումներ, որոնք մեծապես կնպաստեն անասնաբուծական արտադրանքի արտադրության ծավալների ավելացմանը։», ֊ նշել է Վահան Քերոբյանը։