Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը դեկտեմբերի 4-ին ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում անցկացվող «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսի շրջանակում հայկական տաղավարում հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մանջուրուլ Քարիմ Խան Չոդուրիի հետ (նստավայրը՝ Թեհրան)։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։
Հանդիպման ընթացքում կարևորվել է հայ-բանգլադեշյան տնտեսական հարաբերություններին նոր թափ հաղորդելը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2024 թվականի սկզբին Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն Նարեկ Տերյանի գլխավորությամբ հայկական պատվիրակության այցի վերաբերյալ՝ երկկողմ համագործակցության շրջանակում գործնական քայլերը տեղում քննարկելու նպատակով։
Հայկական տաղավարում կայացել է նաև Նարեկ Տերյանի հանդիպումը «Թավ Ֆրեյթ» ("Tav Freight") իրանական խոշորագույն ծովային բեռնափոխադրող ընկերության տնօրեն Մեհդի Էլյասիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են լոգիստիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները։