Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ հոկտեմբերի 4-ին կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը։
Նիստին մասնակցել են Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՊԵԿ ստորաբաժանումների ղեկավարներ և այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի անդամները։
Նիստի բացմանը Ռաֆայել Գևորգյանը ենթախորհրդի անդամներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների տնտեսական գործունեության իրականացման հնարավորությունների ստեղծմանն ուղղված Էկոնոմիկայի նախարարության աշխատանքները, ինչպես նաև հայտնել այդ ուղղությամբ ենթախորհրդի անդամների հետ համատեղ քննարկումներ իրականացնելու նախարարության պատրաստակամության մասին:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև օրակարգային մի շարք հարցեր՝ գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագրի կնքման համար իրավակարգավորումների ներդրման, բանկային գաղտնիքին վերաբերող կարգավորումների նախագծի վերաբերյալ։