Նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը սեպտեմբերի 1-ին այցելել են ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարան՝ ընկերության գործունեությանն ու ծրագրերին ծանոթանալու նպատակով։
Խոշորագույն այս գործարանում աշխատում են մոտ 600 բարձրակարգ մասնագետներ: Գործարանի արտադրանքն արտահանվում է ԵՄ և այլ երկրներ, ամենախոշոր գնորդը Գերմանիայի Դաշնությունն է։
Գործարանի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանի ուղեկցությամբ պաշտոնյաները շրջել են ընկերության տարածքով, ծանոթացել տեխնոլոգիական հնարավորություններին, արտադրության պայմաններին և զարգացման ծրագրերին։
Շրջայցի ընթացքում քննարկվել են ընկերության զարգացման հնարավորությունները, նոր նախաձեռնություններն ու առկա խնդիրները։
Վահան Քերոբյանը նաև ներկայացրել է պետական աջակցության այն գործիքները, որոնց շնորհիվ հնարավոր է ավելացնել ընկերության արտադրողականությունն ու արդյունավետությունը։