Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը և ArmWine ընկերությունը հուլիսի 9-10-ը ՌԴ Սանկտ Պետերբուրգում կազմակերպել են հայկական գինեգործությանը նվիրված ArmWine երկրորդ ցուցահանդեսը, որին մասնակցում էին պետական պաշտոնյաներ, գինեգործական 36 ընկերությունների հիմնադիրներ և ղեկավարներ, գինեգործներ Հայաստանից և Ռուսաստանից։
Ցուցահանդեսի մեկնարկին նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդես է եկել ելույթով՝ կարևորելով միջոցառման դերը հայկական գինեգործության զարգացման, հայկական գինիների առաջմղման, ինչպես նաև նոր շուկաների ինտեգրման գործում։
Միջոցառման շրջանակում կայացած պանելային քննարկումների ընթացքում Արման Խոջոյանը համակողմանի անդրադարձ է կատարել ոլորտի խնդիրներին, արտահանմանն առնչվող խոչընդոտներին, անհրաժեշտ իրավական կարգավորումներին և ԵԱՏՄ շուկայում հայկական գինու դիրքերի ամրապնդմանն ուղղված քայլերի հաջորդականությանը։
ArmWine 2023-ի պաշտոնական գործընկերն է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն։