Նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 13-ին ընդունել է ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության (USAID) տնօրեն Ջոն Ալլելոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանն ու Անի Իսպիրյանը, ինչպես նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը:
Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ ՄԶԳ-ի հետ արդյունավետ համագործակցությանը, Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանն ու երկրում իրականացվող ներդրումային խոշորագույն ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։
Հանդիպմանը ներկայացվել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմունքներ՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը, որի թիրախային ոլորտներն են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և բարձր տեխնոլոգիաների ոլորտը։ Ծրագրի հիմնական նպատակներն են ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունների բարելավումը արդյունավետ կառավարման ապահովման համար, տնտեսական կայունության բարձրացումը նպատակային ոլորտների արտահանումային մրցունակության ավելացման միջոցով, ֆինանսական կապիտալի արդյունավետ օգտագործումը ոլորտային կատալիտիկ ներդրումներին աջակցելու նպատակով։