Նախարար Վահան Քերոբյանն ու նրա տեղակալ Նարեկ Տերյանը մասնակցել են ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող «Իննոպրոմ-2023» արդյունաբերական-նորարարական ցուցահանդես-համաժողովին, որն այս տարի կրում է «Կայուն արտադրություն․ նորացման ռազմավարություններ» խորագիրը։
Միջոցառման շրջանակներում կազմակերպվել են մի շարք գործնական հանդիպումներ, որոնց ընթացքում նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ։
«Վերջին հինգ տարիների ընթացքում բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումները տալիս են իրենց պտուղները: Հայաստանում հիմնադրվել է չորս ՏՏ ընկերություն, որոնց կապիտալիզացիան գերազանցել է 1 մլրդ դոլարը։ Անցյալ տարի Հայաստանում բացվել է 12000 ընկերություն, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 1 մլրդ դոլար, այսինքն՝ ՀՆԱ-ի 5%-ից ավելին», - նշել է նախարարը։
«Իննոպրոմ» (ИННОПРОМ) միջազգային արդյունաբերական ցուցահանդեսն անցկացվում է 2010 թվականից։ Այն համարվում է Ռուսաստանի արդյունաբերական, առևտրային և արտահանման հիմնական հարթակը։