ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում փետրվարի 15-ին կայացել է Հայաստանում գյուղմթերքի մթերման և բաշխման կենտրոնների ստեղծման ծրագրի ներկայացումը, որին բացման խոսքով հանդես է եկել նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Միջոցառմանը մասնակցում էին նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից Աննա Խաչատրյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան Փոլ Մորիսը, Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը, ոլորտի այլ պատասխանատուներ, փորձագետներ։
Նախաձեռնության նպատակն է նվազեցնել հետբերքահավաքային կորուստները, խթանել ռեսուրսների արդյունավետ օգտագործումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում և նպաստել գյուղատնտեսական ապրանքների արտահանման դիվերսիֆիկացմանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կներկայացվի գյուղմթերքի մթերման և բաշխման կենտրոնների ձևավորմանը նպաստող ռազմավարական մոտեցումների փաթեթ, համապատասխան առաջարկներով և ճանապարհային քարտեզով։ Գործողությունների պլանը կմշակվի Հայաստանի ներդրումային խորհրդի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ համատեղ։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Արման Խոջոյանն ընդգծել է Հայաստանում լոգիստիկ կենտրոնների ստեղծման կարևորությունը, այդ թվում՝ սննդի անվտանգության տեսանկյունից․ «Մենք սահմանել ենք խնդիր, որն ամրագրվել է նաև Կառավարության ծրագրում՝ հիմնել լոգիստիկ կենտրոններ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի բավարարել արտաքին շուկաների պահանջարկը, դիվերսիֆիկացնել շուկաները և մուտք գործել նոր մատակարարման շղթաներ», - նշել է Արման Խոջոյանը։
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից Աննա Խաչատրյանը իր խոսքում նշել է․ «Հնարավոր չէ գերագնահատել առաջնային գյուղատնտեսությունը դերը Հայաստանում տնտեսական աճի ապահովման և գյուղական համայնքների զարգացման առումով։ Արդյունավետ հետբերքահավաքային արժեշղթան առաջնային գյուղատնտեսության զարգացման հիմնական նախադրյալներից է։ ՎԶԵԲը պատրաստակամ է ֆինանսական եւ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել մասնավոր հատվածի ներդրողներին համապատասխան բիզնես ծրագրերի առկայության դեպքում»:
Հայաստանում Բրիտանական դեսպանատան Գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Մորիսը շեշտեց «Պարենային անվտանգության ապահովման համար մերօրյա բարդ գլոբալ միջավայրում կարևոր է միջոցներ ձեռնարկել ողջ աշխարհում, ներառյալ Հայաստանում, պարենային անվտանգության համակարգերի ճկունությունը բարձրացնելու համար: Այդ իսկ պատճառով կարևորում եմ Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանի կառավարության ջանքերին՝ բարելավելու գյուղատնտեսության արդյունավետությունն ու արտադրողականությունը՝ ստեղծելով գյուղատնտեսական արտադրանքի հավաքման և բաշխման կենտրոններ»:
Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը նշել է․ «Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի զգալի հատվածը կենտրոնացած է փոքր ֆերմերների շրջանում, որոնց մոտ հետբերքահավաքային կորուստները տատանվում են 20-30% սահմանում, մյուս կողմից` Հայաստանում գյուղմթերքի իրացման առկա շղթաները թերզարգացած են և շատ դեպքերում անհնար է լինում դիտարկել անվտանգային, պլանավորման և սպառման կարևորագույն դրույթներ: Մթերման կայանների հիմնման ծրագրով թիրախավորվելու են հենց այսպիսի խնդիրների հաջորդական լուծումների վերհանում»:
Տվյալների հավաքագրման փուլում նախատեսվում են այցելություններ Հայաստանի տարբեր մարզեր և համայնքներ, հարցազրույցներ և մասնագիտական քննարկումներ տարբեր բնակավայրերում գործող ֆերմերային տնտեսությունների և գյուղատնտեսության ոլորտում ներգրավված կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների հետ, տվյալների հավաքագրում և վերլուծություն, որի հիման վրա կմշակվի գյուղմթերքի լոգիստիկ կենտրոնների (մթերման և բաշխման կենտրոններ) ձևավորման համար անհրաժեշտ ռազմավարական մոտեցումների նախագիծը։
Հայաստանի ներդրումային խորհրդի գործունեությունն իրականացվում է ՎԶԵԲ-ի կողմից, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։