Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փետրվարի 2-ին մասնակցել է «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի 10-րդ աշխատաժողովին։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու մարզպետարանների, գիտական կառույցների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են արոտավայրերի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը, ամփոփվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ (CARMAC 2) ծրագրի արդյունքները:
«Այս ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր եղավ օգտագործելի դարձնել շուրջ 130 հազար հա հեռագնա արոտ։ Սա բավական մեծ ցուցանիշ է, որը ևս մեկ անգամ ընդգծում է ենթակառուցվածքների կարևորությունը», - նշել է Արման Խոջոյանը։
Նա նաև հավելել է, որ ներկայում միջազգային գործընկերների հետ համատեղ քննարկվում է արոտների կառավարման նոր մոդելների ու մեխանիզմների կիրառման հնարավորությունը։
ՀՀ Բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակը հանդիսանում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի, ԳՄՀԸ կողմից իրականացվող բնապահպանական ծրագրերի համատեղ նախաձեռնություն: