Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ-ում կայացած AFISHE Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի մեկնարկային հանդիպմանը՝ նվիրված ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության ոլորտում կրթության զարգացմանը հանուն Կանաչ գործարքի։
Արման Խոջոյանը նշել է, որ ձկնաբուծության ոլորտը Հայաստանում արագ զարգացող և արագ աճ ապահովող ոլորտներից է։ Նա կարևորել է կրթության գրավչության, որակի բարձրացումը ոլորտում՝ ընդգծելով, որ էլ ավելի շոշափելի արդյունքների կարելի է հասնել, եթե ոլորտը համալրված լինի բարձրորակ մասնագետներով, ովքեր կառաջնորդվեն նորագույն մեթոդներով և տեխնոլոգիաներով։
Ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ ստեղծելով և զարգացնելով ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների մագիստրոսական այնպիսի կրթական ծրագրեր, որոնք համարժեք կլինեն եվրոպական առաջատար նմանատիպ ծրագրերին, ուղղված կլինեն ազգային և տարածաշրջանային կարիքներին ու կամրապնդեն համալսարան-ձեռնարկություն-հետազոտություն համագործակցությունը։