Հունվարի 25-ին Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «ԱԶԲ-ն Հայաստանի կողքին է» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։
Միջոցառման ընթացքում ներկայացվել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության հիմնական օգնությունը Հայաստանի Կառավարությանը՝ տրանսպորտի, հանրային հատվածի կառավարման, էներգետիկայի, քաղաքային ենթակառուցվածքների, սոցիալական ծառայությունների և այլ ոլորտներին աջակցելու համար:
Իր ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը նշել է․«Ասիական զարգացման բանկն աշխատում է Հայաստանի կառավարության հետ 2005 թվականից և հանդիսանում է երկրի բազմակողմ զարգացման խոշորագույն գործընկերներից մեկը։ Այս ցուցահանդեսի ընթացքում դուք ավելին կիմանաք Հայաստանում ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի և հայերի կյանքի բարելավման վրա դրանց ազդեցության մասին»:
Բացման խոսքում Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատին ընդգծել է, որ Հայաստանի հետ գործընկերության երկար տարիների ընթացքում ԱԶԲ-ն դարձել է Հայաստանի զարգացման խոշորագույն գործընկերներից մեկը՝ աջակցելով Կառավարության առաջնահերթություններին, ապա հավելել․ «ԱԶԲ-ն պատրաստ է խորացնել մեր աջակցությունը Հայաստանի կառավարությանը, հիմնվել մեր ձեռքբերումների վրա և դիմակայել այն մարտահրավերներին, որոնք մնում են՝ առաջ մղելու այն ապագան, որին ձգտում է ողջ հայությունը»։