Դեկտեմբերի 14-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է Ֆասթ Բանկի պաշտոնական բացման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են պետական և մասնավոր հատվածի, ֆինանսական համակարգի ներկայացուցիչներ։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալու և օնլայն էկոհամակարգ ստեղծելու և զարգացնելու, հաճախորդներին անհատական վարքագծային մոտեցում ցուցաբերելուն և թվային հարթակում նոր ապրելակերպ ձևավորելուն միտված բանկ է, որը դեռ գտնվում է այդպիսին լինելու իր տրանսֆորմացիոն ճանապարհին։
Նշելով, որ նոր բանկի բացումը նշանակալի իրադարձություն է Հայաստանի տնտեսության և ֆինանսական համակարգի համար՝ Վահան Քերոբյանը մաղթել է ֆինանսական կառույցին արդյունավետ աշխատանք, Հայաստանում և աշխարհի տարբեր շուկաներում գործունեությունը մշտապես կատարելագործելու, ժամանակի պահանջներին համահունչ ֆինանսական ծառայությունների մատուցելու հնարավորություններ։
«Հուսով եմ բանկը կկարողանա իր գործունեությունն իրականացնել հնարավորիս թափանցիկ՝ պետական մարմինների, բաժնետերերի, իրենց գործընկերների և հաճախորդների հետ աշխատելիս », - նշել է Վահան Քերոբյանը։