ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 22-ին տեսակապով մասնակցել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի երրորդ նիստին, որը նախագահում էր Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ասկարբեկ Ջանիբեկովը։ Հայաստանից նիստին մասնակցում էին նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ու ԵՏՀ Ագրոարդյունաբերական վարչության տնօրեն Արմեն Հարությունյանը։
Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ-ում պարենային անվտանգության ապահովման ներկա վիճակին, խնդիրներին ու հեռանկարներին, գյուղատնտեսության ոլորտում նյութատեխնիկական ռեսուրսներով ապահովվածության մակարդակին, ԵԱՏՄ անդամ-երկրներում դաբաղի նկատմամբ կայուն անասնահամաճարակային իրավիճակի ապահովմանը վերաբերող հարցեր։
«Ներկայումս Հայաստանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում գյուղատնտեսական արտադրանքի ինտենսիվացման, արդյունաբերականացման և ծավալների ավելացման ուղղությամբ։ Այդ նպատակով ընդունվել է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը, որում ներկայացված են գյուղատնտեսական քաղաքականության մեջ պետության հիմնական առաջնահերթությունները, սահմանված են առաջնային խնդիրներն ու ռազմավարության իրականացման գործողությունների պլանը», - նշել է Վահան Քերոբյանը։
Նախարարն իր ելույթում նաև ներկայացրել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման և պարենային անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով պետության կողմից իրականացվող օժանդակության ծրագրերն ու առաջիկա նախաձեռնությունները։
Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի 2023 թվականին Ռուսաստանի Դաշնությունում։