Նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ու ՀՀ ԷՆ բուսաբուծության վարչության պետ Վարսիկ Մարտիրոսյանը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում մասնակցել են Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միության (UPOV) նստաշրջաններին՝ «Բույսերի սորտերի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկմանը։
Նստաշրջանում Հայաստանի օրենքի նախագիծը հաստատվել է և ճանաչվել ամբողջապես համապատասխան UPOV օրենսդրությանը։ ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանն անմիջապես կդառնա UPOV լիարժեք անդամ։
UPOV անդամակցությունը հնարավորություն կտա ֆերմերներին ձեռք բերել մրցունակ սորտերի բարձր որակական հատկանիշներով օժտված սերմեր և տնկանյութ, կխթանի օտարերկրյա ներդրումները սերմնաբուծության և տնկարանային արտադրության ոլորտում, կնպաստի գիտական սելեկցիոն աշխատանքների գրավչության բարձրացմանը և սելեկցիոն ձեռքբերումների դրամայնացմանը։