ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 19-ին մասնակցել է «Ինչպես նախագծել ՊՄԳ ծրագրեր՝ համահունչ կայուն զարգացման նպատակներին» հիբրիդային ձևաչափով համաժողովին, որը կազմակերպվել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) միջև համագործակցության համատեքստում։ Միջոցառմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանն ու Նարեկ Տերյանը։
Համաժողովի հիմնական նպատակներն էին՝ օգնել մասնակիցներին տեղեկանալ ՊՄԳ-ների նկատմամբ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի մոտեցումների վերաբերյալ, ներկայացնել և քննարկել ՀՀ-ում ՊՄԳ ոլորտի վերջին օրենսդրական զարգացումները և ՄԱԿ-ի ԵՏՀ-ի ՊՄԳ գործիքների, չափորոշիչների և ուղեցույցների հնարավոր կիրառումը հետագա քաղաքականության և օրենսդրական բարեփոխումների իրականացման ընթացքում, ինչպես նաև օգնել մասնակիցներին ձեռք բերել գիտելիքներ ՊՄԳ նախագծերի մշակման և իրականացման վերաբերյալ, որոնք համահունչ կլինեն Կայուն զարգացման նպատակներին (SDG):
«ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է ՊՄԳ ձևաչափով արդիականացնել կամ ստեղծել նոր ենթակառուցվածքներ, ինչն իր հերթին կապահովի կայուն արդյունքներ, այդ թվում՝ նաև կայուն զարգացման նպատակներին հասնելու տեսանկյունից», - նշել է Վահան Քերոբյանը։
Միջոցառման ընթացքում տեսաուղերձով ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՄԱԿ–ի զարգացման ծրագրի երևանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Մարյասինը։
Միջոցառման ընթացքում ՀՀ ԷՆ Հանրային ներդրումների քաղաքականության վարչության պետ Լիլյա Սիրականյանը ներկայացրել է ՊՄԳ ծրագրերի համար նախատեսված չափանիշները, ՊՄԳ գործընթացի հիմնական փուլերն ու ոլորտում գործող օրենսդրությական կարգավորումները։