Նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը հոկտեմբերի 12-ին ընդունել են հայ-սիրիական գործարար խորհրդի անդամների պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանը։
Հանդիպման սկզբում նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանի և Սիրիայի միջև ձևավորվել են ամուր բարեկամական հարաբերություններ և հարկավոր է քայլեր ձեռնարկել երկկողմ տնտեսական հարաբերությունները նույնպես բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ։
Խորհրդի և պատվիրակության նախագահ Լեւոն Զաքի Ետալեանը համառոտ ներկայացրել է հայ-սիրիական գործարար խորհրդի գործունեությունը, հիմնական առաքելությունն ու իրականացված նախաձեռնությունները։
Այնուհետև կողմերը քննարկել են տնտեսության ոլորտում հայ-սիրիական համագործակցության զարգացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը և տնտեսության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր։
Խորհրդի անդամները հայկական կողմին ներկայացրել են այն ուղղություններն ու նախագծերը, որոնց ուղղությամբ հնարավոր են համարում ծավալել արդյունավետ երկկողմ համագործակցություն:
Նախարար Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել հանգամանորեն ուսումնասիրել ներկայացված առաջարկները՝ փոխշահավետ գործակցությունն ավելի ամուր հիմքերի վրա դնելու նպատակով։