ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը օգոստոսի 31-ին ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի անդամներ Անդրեաս Վիմմերին, Կառլոս Մենդեզ դե Վիգոյին, ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանին և գլխավոր ֆինանսական և գործառնական տնօրեն Իզաբելա Ադիլխանյանին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» (C-QUADRAT Ampega Asset Management Armenia) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության (C-QUADRAT Investment AG) և գերմանական «Ամպեգա ասեթ մենեջմենթ» (Ampega Asset Management GmbH)` «Տալանքս ԱԳ գրուփի» (Talanx AG Group) անդամ ընկերության համատեղ ձեռնարկությունն է, որը հիմնադրվել է ՀՀ-ում 2013 թվականին:
Այս կազմակերպությունների առաքելությունը Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցներին արևմտյան լավագույն փորձին համահունչ ակտիվների կառավարման բարձրակարգ ծառայություններ մատուցելն է։
Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը ընդգծել է ընկերության կարևոր դերը Հայաստանի ֆինանսական շուկայում, որը միտված է նպաստել կենսաթոշակային համակարգի կայացմանը և ներդրումային ծառայությունների զարգացմանը։
Այնուհետև նախարարը հյուրերին համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, վերջին ամիսներին գրանցված տնտեսական բարձր ցուցանիշները, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ու ներկայիս առաջնահերթությունները։
Վահան Քերոբյանն իր խոսքում անդրադարձել է նաև տնտեսության արդիականացման միջոցառմանը, որի շրջանակում արտադրողականության բարձրացման նպատակով տնտեսավարողները լիզինգով կարող են ձեռք բերել արտադրական սարքավորումներ, իսկ բարձրակարգ մասնագետների ներգրավող հայկական ընկերություններին կարող է փոխհատուցվել վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մի մասը։
Նախարարը պատվիրակության անդամներին ներկայացրել է նաև Հայաստանում ձևավորված ներդրումային բարենպաստ միջավայրը, մատնանշել այն ոլորտները, որոնցում առավել նպատակահարմար է ներդրումներ իրականացնել՝ մետալուրգիա, թեթև արդյունաբերություն (այդ թվում՝ տեքստիլ արդյունաբերություն), սննդի արդյունաբերություն, արևային էներգետիկա, ոսկերչություն և այլն։
Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանն ու ընկերության ներկայացուցիչները վերահաստատել են արդյունավետ փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։