ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 13-ին այցելել էր Արարատի մարզ՝ խաղողի մթերումներին ընդառաջ ոլորտում առկա խնդիրները քննարկելու նպատակով: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել է նախարարության Ագրովերամշակման վարչության պետ Գևորգ Ղազարյանը։
Այցի շրջանակում նախարարը Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հետ հանդիպել է Այգեզարդի, Լուսառատի և այլ հարակից համայնքների խաղողագործների հետ։ Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը խաղողագործների հետ քննարկել է խաղողի մթերումների գործընթացին առնչվող մի շարք խնդիրներ, տվել պարզաբանումներ խաղողագործներին հուզող հարցերի վերաբերյալ։
Հանդիպման մասնակիցները մտահոգություն են հայտնել այն հանգամանքի կապակցությամբ, որ մինչ օրս ոչ բոլոր ֆերմերներն են կնքել պայմանագրեր մթերող ընկերությունների հետ։ Բացի այդ, բարձրացվել է նաև այն հարցը, որ որոշ գործարաններ դեռևս մթերման գին չեն հայտարարել։
Հանդիպմանը խաղողագործները ներկայացրել են մի շարք առաջարկներ մթերումներն առավել սահուն ու արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ։ Մասնավորապես, առաջարկ է հնչել մթերման օրերի գրաֆիկ սահմանել ֆերմերների համար՝ ավելորդ հերթերից խուսափելու նպատակով։
Նույն օրը Վահան Քերոբյանն այցելել է նաև Արարատի գինու գործարան։ Ընկերության սեփականատեր Արմեն Սարգսյանի հետ նախարարը շրջել է գործարանում, ծանոթացել արտադրական հզորություններին, ընթացիկ ու նախատեսվող ծրագրերին։