ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 27-ին ընդունել է «Էյ Էմ Դի» (AMD) ամերիկյան ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահներ Ամիթ Գուպտային և Ջեյշռի Ռանգառաժանին։ Հանդիպմանը ներկա էին նաև Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») տնօրեն Լևոն Օհաննեսյանը և ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Արա Մարկոսյանը։
Ամերիկյան «Զայլինքս» (Xilinx) ընկերության հայաստանյան մասնաճյուղը հիմնադրվել է 2019 թվականին։ Ընկերությունը նորարարական և ինժեներական լուծումներ է մշակում տեխնոլոգիաների, թվային հեռուստատեսության, արդյունաբերության և այլ ոլորտների համար։ Փետրվար ամսին «Զայլինքս»-ը միավորվել է միկրոսխեմաներ և պրոցեսորներ արտադրող «Էյ Էմ Դի» (AMD) ամերիկյան ընկերությանը։
Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը կարևորել է Հայաստանում «Էյ Էմ Դի» խոշորագույն ընկերության ներկայացված լինելը և նշել, որ ՀՀ Կառավարությունը մեծապես հետաքրքրված է մեր երկրում արտասահմանյան ընկերությունների ակտիվ գործունեությամբ։ Նախարարն իր խոսքում ներկայացրել է նաև տնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերն ու այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մեր երկրում գործարար միջավայրի բարելավմանն ու նոր ներդրումների ներգրավմանը։
Այնուհետև հյուրերը համառոտ ներկայացրել են ընկերության գործունեությունը, ընթացիկ ծրագրերն ու զարգացման հեռանկարները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընկերության գործունեությունը ընդլայնելու և հայաստանյան մասնաճյուղի կազմը երիտասարդ բարձրակարգ մասնագետներով համալրելու հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև հայաստանյան այն ընկերություններին, որոնց հետ ընկերությունը կարող է ծավալել արդյունավետ համագործակցություն։