ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ հուլիսի 26-ին մեկնարկել է «Հայաստանի մեղվաբուծության ոլորտի կարողությունների զարգացման» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության» (EU-GAIA) հետ համագործակցության շրջանակներում, Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ։
Հայաստանի մեղվաբուծության ոլորտի կարողությունները զարգացնելու նպատակով EU-GAIA-ն նախատեսում է հետազոտություն անցկացնել Հայաստանում մեղվաբուծության արժեշղթայի ներկա իրավիճակի վերաբերյալ՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության և գյուղատնտեսության ինտենսիվացման մարտահրավերները։ Վերլուծությունը կկատարեն Սլովակիայից ժամանած անկախ փորձագետները։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ ԷՆ Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը նշել է, որ Հայաստանում մեղվաբուծությունը գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից է, որն ունի ռազմավարական մեծ նշանակություն երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացման տեսանկյունից, ինչպես նաև կարևոր է ագրոնոմիական տեսանկյունից՝ մշակաբույսերի փոշոտման և կայուն բերքի ապահովման առումով։
Լևոն Տեր-Իսահակյանը ներկայացրել է նաև ոլորտի վիճակագրական որոշ տվյալներ, որոնց համաձայն մեղվափեթակների քանակը տատանվում է տարեկան 230 հազարի սահմաններում, իսկ մեղրի արտադրության ծավալները տարեկան կազմում են շուրջ 3500 տոննա։ Նրա խոսքով՝ 2021 թվականին արտահանվել է մեղրի առավելագույն քանակը՝ շուրջ 90 տոննա։ Հայկական մեղրն արտահանվում է տարբեր ուղղություններով՝ դեպի ԱՊՀ երկրներ, ԱՄՆ, Կանադա, Չինաստան, Ճապոնիա, Շվեյցարիա և եվրոպական մի շարք այլ երկրներ։
Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը գոհունակությամբ նշել է, որ EU-GAIA ծրագիրը ամենահաջողված ծրագրերից է, որը նպաստում է Հայաստանում Կանաչ գյուղատնտեսության զարգացմանը։
EU-GAIA ծրագրի քաղաքականության և շահերի պաշտպանության փորձագետ Վադիմ Ուզունյանն իր ելույթում ներկայացրել է մեղվաբուծության ոլորտի կարողությունների զարգացման ծրագրի մանրամասներն ու իրականացման փուլերը։
Ակնկալվում է, որ փորձագիտական ուսումնասիրությունը գնահատվելու է տեղում կատարվող հետազոտությունների հիման վրա՝ ուսումնասիրելով մեղվաբուծության ոլորտի ազգային օրենսդրությունը, մեղվաբուծության պետական ֆինանսական աջակցության մեխանիզմները, մեղվաբույծների սոցիալ-տնտեսական զարգացումը, մեղրի և մեղվաբուծական արտադրանքի արտահանման ցուցանիշները, գյուղատնտեսական պրակտիկայում ագրոպեստիցիդների կիրառման վերահսկումը, մեղվաընտանիքների մահվան պատճառները և այլն։
Բացի այդ, նախատեսվում է ստեղծել Հայաստանում մեղվաբուծության կայուն զարգացման բարելավումը համակարգող փորձագիտական ակտիվ խումբ։ Դասախոսություններ կկազմակերպվեն ընտրված թեմաներով կառավարության, համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների անմիջական խորհրդակցությամբ և քննարկմամբ:
Հետազոտության արդյունքները կօգտագործվեն որպես ուղեցույց ոլորտի բոլոր համապատասխան շահագրգիռ կողմերի, մասնավորապես ՀՀ էկոնոմիկայի նախարարության քաղաքականություն մշակողների համար՝ մեղվաբուծության և մեղրի արտադրության համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար։