Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հուլիսի 26-ին մասնակցել է «Ֆրանչայզինգի զարգացման խորհրդատվություն Հայաստանում» միջոցառմանը, որն իրականացվել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի ֆինանսավորմամբ և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համատեղ ջանքներով։
Ծրագիրը նպատակ ունի գնահատել Հայաստանում ֆրանչայզինգի շուկայի հնարավորությունները և նպաստել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ներդրումների և առևտրի ընդլայնմանը։
Միջոցառմանը մասնակցում էին պետական գերատեսչությունների, մասնավոր հատվածի և շահագրգիր այլ մարմինների ներկայացուցիչներ։
Ռաֆայել Գևորգյանը՝ ողջունելով մասնակիցներին և ընդգծելով միջոցառման կարևորությունը՝ վստահություն է հայտնել, որ ֆրանչայզինգի ոլորտի զարգացումը Հայաստանում կարող է նպաստել նաև ներդրումների ավելացմանն ու մրցակցության զարգացմանը։
Միջոցառման ընթացքում միջազգային փորձագետների կողմից ներկայացվել է ֆրանչայզինգի պատմությունը, հիմնական տարրերը, տեսակներն ու այս ոլորտում ներդրումների առանձնահատկությունները։
Հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստանում ֆրանչայզինգի ոլորտի առկա վիճակն ու կանխատեսվող հեռանկարները, ինչպես նաև Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցությունը։