ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը հունիսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության նորանշանակ դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուին (նստավայրը՝ ք․ Մոսկվա)։
Հանդիպման սկզբում Արմեն Արզումանյանը շնորհավորել է դեսպան Օկունլոլա-Բիաուին պաշտոնը ստանձնելու առիթով` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք և հույս հայտնել, որ նրա դիվանագիտական առաքելության ընթացքում տնտեսության ոլորտում Հայաստանի և Բենինի միջև կհաստատվեն ամուր հարաբերություններ։
Արմեն Արզումանյանն իր խոսքում կարևորել է երկկողմ համագործակցության ձևավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում կողմերը հնարավոր են համարել արդյունավետ փոխգործակցություն ծավալել, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում։
Նախարարի տեղակալն առաջարկել է ուսումնասիրել, թե հատկապես որ ապրանքները կարող են հետաքրքրել երկու երկրների շուկաներին՝ հետագայում արատահանումներ կազմակերպելու նպատակով։ Նա նաև ընդգծել է, որ, լինելով ԵԱՏՄ անդամ՝ Հայաստանը կարող է հարմար «դարպաս» հանդիսանալ Բենինից արտահանումներ իրականացնելու համար։
Դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուն նշել է, որ Բենինը նույնպես հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական կապերի հաստատման և ամրապնդման մեջ և պատրաստակամություն է հայտնել իր կողմից նույնպես ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև զբոսաշրջության և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հնարավորությունները։