Հունիսի 27-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ընդունել է Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի փորձագետների թիմի անդամներին՝ ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով Պեկինի գրասենյակի ղեկավար Շիրիշկումար Ռավանի գլխավորությամբ։ Առաքելությունը կազմված էր ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Իրանի, Իսրայելի, Թաիլանդի տիեզերական գործունեություն իրականացնող կազմակերպությունների միջազգային փորձագետներից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ աղետների կառավարման, Հայաստանում արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգի, տնտեսության տարբեր ճյուղերում, գյուղատնտեսության ոլորտում հնարավոր աղետների ռիսկերի կանխատեսման, դրանց կանխարգելման և նվազեցման հնարավորությունների և տիեզերական տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ։
Առաքելության թիմի ներկայացուցիչները Հայաստանում են՝ «Աղետների կառավարման և արտակարգ իրավիճակներին արձագանքման տիեզերական տեխնոլոգիաների ազգային աշխատաժողովին» մասնակցելու և աղետների ռիսկի կառավարման ոլորտում ներգրավված պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ իրենց փորձով և գիտելիքներով կիսվելու նպատակով։
Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիան աշխարհի տարբեր երկրների տիեզերական գործունեություն իրականացնող գործակալությունների և կազմակերպությունների միջև համաձայնություն է, որն աղետների ժամանակ արձագանքման գործողություններին աջակցելու նպատակով պետությունների համապատասխան մարմիններին արբանյակային տեղեկատվության անհատույց հասանելիություն է ապահովում (բարձր լուծաչափի լուսանկարներ, քարտեզներ և այլն):